Հայաստանի Սյունիքի մարզի Որոտան գյուղ հասնելը, որն արգելափակված է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների պատճառով, հնարավոր է Տեղ բնակավայր քանդված ճանապարհով։ «Sputnik Արմենիա»-ի նկարահանող խումբն այդ ճանապարհը հաղթահարել է իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղ պարենային ապրանքներն ամեն առավոտ տեղափոխվում են ռուս սահմանապահների միջնորդությամբ։ Այս մասին հայտնում են հայկական գյուղի բնակիչները։
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները փակել են միջպետական ճանապարհը՝ Գորիսից Կապան տանող հատվածում: Սյունիքի մարզի Գորիս – Որոտան, Շուռնուխ, Բարձրավան համայնքների, ինչպես նաև Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի մի մասը կտրվել են Հայաստանի այլ բնակավայրերից:
Ինչպես նշել է Թաթոյանը, նշված գյուղերում լուրջ սահմանափակումներ են առաջացել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության հետ կապված: Մարդիկ բախվել են հումանիտար ճգնաժամի իրական սպառնալիքի:
Որոտան գյուղ կարելի է հասնել Տեղ գյուղի շրջանցիկ ճանապարհով։ Կադրերում երեւում է, որ շրջանցիկ ճանապարհը բարեկարգված չէ, մեքենաների մեծ մասը չի անցնի։
Գյուղացիները հաստատեցին, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածների արգելափակման պատճառով իսկապես սուր խնդիր է առաջացել սննդամթերքի մատակարարման հետ կապված: Պարենային ապրանքները առաքվում են Ռուս զինվորականների միջնորդությամբ։
Որոտանից մարդիկ չեն կարող դուրս գալ նորմալ շրջանցիկ ճանապարհների բացակայության պատճառով, և եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի բուժօգնություն, ապա հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու խնդիրը։ Շատ տեղացիներ աշխատել են մոտակա քաղաքներում։ Արդեն երկու օր է ՝ նրանք ստիպված նստում են տանը՝ չիմանալով, թե ինչ է լինելու վաղը։
Տեղեկատվական վակուումի պատճառով տեղացիները լրագրողներից հետաքրքրվում են իրադրությամբ, ինչպես նաեւ շրջանցիկ ճանապարհի վիճակով։