Դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ. Սմբատյան
Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտյոմ Սմբատյանը՝ տեղեկացնելով, որ պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում:
"Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական նվիրումի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում առողջապահական համակարգի 40000-ից ավելի աշխատակիցներին, որոնք կատարել են իրենց պարտքը՝ երկրի և առողջապահական համակարգի բարդ ժամանակաշրջաններում` համավարակի և պատերազմի պայմաններում:
Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ: Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
Նախարար Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ",- գրել է նախկին փոխնախարարը: