24.11.2024
Դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ. Սմբատյան
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորման հստակ ռազմավարություն չենք ունեցել. Փաշինյան

Ադրբեջանը երբեք չի թաքցրել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, ի սկզբանե Բաքվի դիրքորոշումը կառուցվում էր այն բանի վրա, որ Արցախն ու հարակից շրջանները Ադրբեջանի տարածքի մի մասն են կազմում: Ադրբեջանական կողմը միշտ պնդել է այդ թեզը՝ բացառելով անգամ ինքնավարության հնարավորությունը և պատրաստակամություն հայտնելով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, եթե դիվանագիտական ճանապարհն իր արդյունքները չտա, նշել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքին զուգահեռ ադրբեջանական կողմը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինության վրա։ Ադրբեջանական հասարակության մեջ կասկած չի եղել հակամարտության լուծման ռազմական սցենարի վերաբերյալ։


Փաշինյանն ընդգծեց, որ նման հստակություն Հայաստանում չի եղել։ «Անշուշտ, ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման օրակարգ, սակայն դա շատերը համարում էին դավաճանություն՝ հղում անելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ.դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին համատեղ որոշմանը, որի հղումները կան նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրում։ Այդ տեսակետի կողմնակիցները կարծում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա Հայաստանի մաս», - ասել է Փաշինյանը։


Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման այլ տեսակետի համաձայն կարելի էր հասնել՝ զիջելով ԼՂՀ հարակից շրջանները Ադրբեջանին։ Սակայն այստեղ էլ գտնվեցին մարդիկ, ովքեր դա դավաճանություն էին համարում, շարունակեց Փաշինյանը։ Եղել է նաև տարածքների փոխանակման հայեցակարգ, որի համաձայն Հայաստանի տարածքի որոշակի մասը փոխանցվել է ադրբեջանական կողմին, իսկ Լեռնային Ղարաբաղը միացել է Հայաստանին։ Այս հայեցակարգը եւս խիստ քննադատության է ենթարկվել, շատերը դա համարում էին դավադրություն եւ դավաճանություն, ընդգծել է Փաշինյանը։


Վարչապետն ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ հայկական կողմի դիրքորոշումը միանգամայն տարբեր է եղել. հասարակական-քաղաքական բանավեճի ընթացքում արտահայտվել է մեկ դիրքորոշում, բանակցություններում՝ մեկ այլ, միջազգային հանրության հետ երկխոսությունում՝ այլ: «Բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք այդպես էլ չձևավորեցինք այն հարցի պատասխանը, թե ինչ ենք մտադիր անել, եթե բանակցությունների սեղանի շուրջ չկարողանանք հասնել ընդունելի լուծման», — ասաց նա: Փաշինյանն ընդգծեց, որ չի փորձում խոսել այս կամ այն իշխանության սխալների մասին, այլ միայն ներկայացնում է համակարգային խնդիրներ, որոնք ի սկզբանե ուղեկցում էին կարգավորման գործընթացը:


«Մենք չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմավարություն, չենք արձանագրել դրա առկայության անհրաժեշտությունը, հարցը չի եղել հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում, ուստի կարգավորման ողջ գործընթացն իր վրա է վերցրել մեր ներքին հակասությունների բեռը»,-հայտարարել է Փաշինյանը: