RAFO CUP-ն այլևս իրականություն է. մեկնարկեց Ռաֆայել Թորգոմյանի անվան հուշամրցաշարը
Օգոստոսի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Արցախյան պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի անվան հուշամրցաշարը, որը կրում է RAFO CUP 2021 անվանումը:
Առաջիկա երեք օրերին մրցաշարին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ Փյունիկ-08, Ուրարտու-08, Ակադեմիա-08, Արարատ-Արմենիա-08, Արարատ-08, Գանձասար-Երևան-08, Միկա-08 և Օնօր-08:
Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանինն է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լիակատար աջակցություն է ցուցաբերել մրցաշարի կայացման հարցում՝ տրամադրելով խաղադաշտեր, մրցավարներ, գնդակներ, ֆուտբոլային պարագաներ և օժանդակելով մրցաշարի կանոնակարգի մշակման և կազմակերպչական այլ հարցերով:
Ռաֆայել Թորգոմյանի քույրը՝ Ջեմմա Թորգոմյանը, սիմվոլիկ գոլային փոխանցմամբ ազդարարեց հուշամրցաշարի մեկնարկը, այնուհետ խաղի 32-րդ րոպեին այն ընդհատվեց՝ ֆուտբոլիստներն ու հանդիպման ներկաները ծափերով լցրեցին դաշտը. Ռաֆայելը հավերժ կմնա 32 տարեկան...
Եզրափակիչ հանդիպման մեկնարկը նախատեսված է օգոստոսի 25-ին, ժամը՝ 13:30-ին, ինչից հետո տեղի կունենա, ինչպես չեմպիոնի և մրցանակակիր թիմերի, այնպես էլ լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման և հուշամրցաշարի փակման արարողությունը:
Մրցաշարն ունի էքսկլյուզիվ չեմպիոնական գավաթ, որը կողմնացույցի տեսք ունի: Մրցաշարի առաջին 3 տեղերը գրաված թիմերի բոլոր ֆուտբոլիստները կպարգևատրվեն համապատասխանաբար բրոնզագույն, արծաթագույն և ոսկեգույն հատուկ մեդալներով:
Հատուկ գավաթներով կպարգևատրվեն նաև մրցաշարի լավագույն դարպասապահը, լավագույն ռմբարկուն, լավագույն գոլի հեղինակն ու լավագույն ֆուտբոլիստը:
Ի դեպ, «RAFO CUP-2021» հուշամրցաշարի բացմանը, ինչպես նաև եզրափակիչ հանդիպմանը թիմերը խաղադաշտ դուրս կգան Ռաֆայելի պատկերը կրող մարզաշապիկներով
Մրցաշարն անցկացվում է «...որ փոքրիկները խաղաղ ապրեն» կարգախոսի ներքո:
Ռաֆայել Թորգոմյանը ծնվել է Երևանում: 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրվել է, մեկնել Արցախ հոկտեմբերի 17-ին: Մինչև վերջ հերոսաբար պահել է դիրքը, չի նահանջել: Հոկտեմբերի 21-ին հրետանային ռմբակոծության զոհ է դարձել:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Ռաֆո ջան...