Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 51,9 տոկոսը երեկ կայացած հանրաքվեում կողմ քվեարկեց Միացյալ Թագավորության` Եվրամիության կազմից դուրս գալու օգտին: Թեև հենց քվեարկության օրը` երեկ, սպասելիքները լրիվ հակառակն էին, այդուհանդերձ ժողովուրդը հայտնեց իր դիրքորոշումը մի հարցում, որն ամիսներ շարունակ բուռն քննարկումների տեղիք էր տալիս: ՄԲ վարչապետ Դևիդ Կեմերոնն արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին, նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին:
Հայաստանի քաղաքական շրջանակներում Մեծ Բրիտանիայի ժողովրդի որոշումը մեծ ոգևորությամբ են ընդունել, և պատճառը, նախևառաջ, Լեռնային Ղարաբաղն է ու այս էլ 25 տարի չլուծված խնդիրը:
VERELQ-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ
Թևան Պողոսյանն ասաց, որ հանրաքվեի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին Մեծ Բրիտանիայում ժողովրդավարության բարձր մակարդակը.
«Ես հույս ունեմ, որ դրա արդյունքները կհարգվեն, ինչպես նաև հուսով եմ, որ սա կդառնա նախադեպ և աշխարհի ընկալումների մեջ այլևս ինքնորոշման իրավունքը, ժողովրդի կամարտահայտման իրավունքը կունենա իր ճիշտ ազդեցությունը»,- նշեց նա:
Պողոսյանը հիշեցրեց` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին և դեկտեմբերի 10-ին` Հանրաքվեի օրը, Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց և դա պետք է հարգվի.
«Հուսով եմ, որ աշխարհում, ի վերջո, ինքնորոշման իրավունքը և կամարտահայտման արժեքային էլեմենտը ավելի բարձր կգնահատվի: Մենք պետք է այս նախադեպը կարողանանք օգտագործել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում և ճիշտ ներկայացնել դա»,- շեշտեց պատգամավորը:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ
Դավիթ Բաբայանի խոսքով` տեղի ունեցած հանրաքվեն ազգերի ինքնորոշման իրավունքի հերթական արտացոլումն է, ինչն անչափ կարևոր է: Նրա խոսքով` հանրաքվեն ողջունելի է անկախ արդյունքից.
«Անգամ եթե Մեծ Բրիտանիան քվեարկեր Եվրամիության կազմում մնալու համար, դա նույնպես կամարտահայտության կարևոր դրսևորում է»:
Զուգահեռ անցկացնելով Ղարաբաղյան հիմնախնդրի հետ Բաբայանն ասաց.
«Մենք տեսնում ենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը աշխարհի տարբեր վայրերում, տարբեր պետություններում տեղի է ունենում քաղաքակիրթ ու նորմալ ձևով: Սա է կարևոր»:
Իսկ ահա ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ
Էդմոն Մարուքյանը նշեց, որ անցկացված հանրաքվեի արդյունքները ամբողջ Եվրոպայում հիասթափություն են առաջացրել, որովհետև, ըստ էության, այն քաղաքական գործիչները, որոնք դեմ էին արտահայտվում ԵՄ կազմում մնալուն, նրանց փաստարկները հիմնված էր պոպուլիզմի և ինչ-որ կարճատև խնդիրների վրա կենտրոնանալու վրա: Բայց հեռատես քաղաքական գործիչները բոլորը դեմ էին.
«Ինչպես տեսնում ենք` պոպուլիզմը հաղթեց: Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան կտուժի դրանից` որպես աշխարհի կարևոր երկրներից մեկը նա այլևս այն կարևորությունը չի ունենա միջազգային քաղաքականության մեջ, ինչ ուներ մինչև հիմա: Կտուժի նաև Մեծ Բրիտանիայի տնտեսությունը, ԵՄ-ն նույնպես, բայց կարծում եմ, որ ավելի շատ կորցնում է Մեծ Բրիտանիան, քան Եվրամիությունը»,- նշեց պատգամավորը:
Ղարաբաղի հիմնախնդրի կոնտեքտում, նրա կարծիքով, այս իրավիճակը չի կարող նախադեպ դիտարկվել: «BREXIT-ի դեպքում խոսքը միջազգային կազմակերպությունից դուրս գալու մասին է, ոըը հենց իրենք են հիմնադրել, իսկ Արցախի հիմնախնդիրը այլպարամետրերով է քննարկվում և այլ մոտեցում է պահանջում: Մեծ Բրիտանիայի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի հետ կապ չունի»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Ազգային Ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ Զաքարյանը ուղղակիորեն չանդրադարձավ այս իրավիճակի նախադեպ լինել-չլինելուն: Նա նշեց, որ ԵՄ-ն ձևավորվել է սուվերեն պետությունների ինքնուրույն որոշումների հիման վրա և հետևաբար այն նույն կերպ էլ կարող է ձևափոխվել:
«Ինչ վերաբերում է հանրաքվեների անցկացմամբ ինքնորոշման իրավունքի իրացման հարցին, ապա պետք է սպասել, թե ինչպիսի վերջնական մոտեցում կլինի ԵՄ-ից դուրս գալու հարցում Շոտլանդիայում: Մամուլում արդեն եղան տեղեկություններ, որ Շոտլանդիան ցանկանում է մնալ ԵՄ կազմում, իսկ դա նշանակում է, որ պետք է տեղի ունենա կամարտահայման առանձին գործընթաց»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ որոշմանը, ապա այն, ըստ պատգամավորի, անշուշտ բացասաբար կանդրադառնա ԵՄ քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա, քանի որ Մեծ Բրիտանիան և' ներքին, և' արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում ուներ առանցքային դերակատարում: Բայց սա, իհարկե, մեծ իրադարձություն է համաշխարհային քաղաքականության համար:
«Կարծում եմ, որ ԵՄ-ն ինքնապահպանման նոր ջանքեր պետք է գործադրի և փորձի իր միասնական քաղաքականության համար նոր ռեսուրսներ ու պոտենցիալ փնտրել: Հատկապես անհրաժեշտ կլինի խուսափել դոմինոյի էֆեկտից: Դրա համար այսօր ԵՄ ներսում և անդամ պետություններում պետք է վերարժևորել ԵՄ գործունեության հիմնական նպատակները»,- նկատեց Զաքարյանը` հավելելով, որ հույս ունի, որ ԵՄ-ն կկարողանա հաղթահարել իրավիճակով պայմանավորված քաղաքական ու տնտեսական դժվարությունները: