25.11.2024
Էլեկտրաէներգիան էժանացավ` թանկանալով
prev Նախորդ նորություն

Մելքումյան. Ադրբեջանը դրսևորում է հակամարդկային և ֆաշիստական քաղաքականություն

Ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան հակամարդկային և ֆաշիստական քաղաքականության դրսևորում: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակում իր ելույթում այսօր հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ադամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Նա հիշեցրել է Վեհաժողովին, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններ սկսեց ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Գործի դրվեցին կործանարար նշանակության բազմաթիվ սպառազինություններ և զենքի տեսակներ, տանկեր, անօդաչու սարքեր, հրթիռներ, ականանետներ, ՏՕԶ-1 և այլն:

«Երկուստեք եղան զոհեր, հայկական կողմից՝ 94 զոհ: Ադրբեջանի նախագահը դրանով, ըստ էության, փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը՝ շեղելով սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Եղան հարձակումներ խաղաղ բնակչության վրա` Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերում և այլ գյուղերում: Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ»,- տեղեկացրեց հայ պատվիրակը:

Մելքումյանի խոսքով` սա ոչ այլ ինչ է, քան հակամարդկային և ֆաշիստական քաղաքականության իրականացում: Նշելով, որ ադրբեջանցիները ստացան արժանի հակահարված ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, պատգամավորը նկատեց, որ դա, սակայն, չի նշանակում, որ միջազգային հանրությունը և կազմակերպությունները չպետք է տան այդ ամենի իրավական և քաղաքական գնահատականը:

«Դա հստակ պետք է անել: Այն է՝ ով է առաջինը հարձակվել, ինչ է արել և ինչ զենքերով: Հարկավոր է նաև դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Չէ՞ որ դրա հետևանքների համար դեռևս պետք է պատասխանատվություն կրել»,- նշեց նա:

Մելքումյանից կարծիքով, Ադրբեջանն իր այդ քայլով ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտել է գործընթացի իրականացման տրամաբանությունը, ըստ էության, անտեսելով այն: Եվ դա նույնպես պետք է գնահատականի արժանանա: Հայ պատգամավորը շեշտեց` պետք է իրականացվի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն և արձանագրման գործընթացն ապահովող մեխանիզմների ներդրում, ինչը և փորձ էր արվում իրականացնել: Եվ ադրբերջանական ագրեսիան այդ գործընթացը խափանելու փորձ էր:

«Մի բան ակնհայտ է` կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլըտրանք չունի: Արցախի հանրապետությունը ժողովրդավարական և ազատ երկիր է՝ պետականության բոլոր ինստիտուտներով: Այստեղ ապրում է աշխատասեր, կրթություն և գիտություն հարգող, հյուրասեր ժողովուրդ: Արցախի նախագահը և մյուս ղեկավարները ոտքով շրջում են քաղաքներում և գյուղերում, դեմքով և անունով ճանաչում են գրեթե բոլորին: Արցախի ժողովուրդն այլևս չի հանդուրժի ոչ մի անմարդկային ոտնձգություն իր արժանապատվության հանդեպ: Այդպես է եղել անցյալում, այդպես է հիմա, ապրիլյան օրերին, և միշտ այդպես կլինի»,- եզրափակեց իր ելույթը Միքայել Մելքումյանը: