Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը
Վրաստան կատարած այցիս շրջանակում հուլիսի 29-ին հանդիպել եմ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։ Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
"Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու եւ էներգետիկայի ոլորտներում։ Խոսել ենք արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երեւանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։
Անդրադարձել ենք նաեւ մեր երկրների միջեւ գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։
Այցիս շրջանակում հուլիսի 30-ին հանդիպել եմ նաեւ փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի եւ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։ Վրացի գործընկերներիս հետ քննարկել ենք տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին», - գրել է Քերոբյանը: