Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, նոր բախումների հրահրման քաղաքականության արտահայտությունը «մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում»:
«Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ընդգծել է Փաշինյանը:
Այս համատեքստում նա կարևոր է համարել հիշատակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:
«Արդեն մի քանի անգամ ես հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու հայտարարությունը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել», - ասել է նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները:
Փաշինյանը նաև նշել է, որ նախագահ Միշելի հետ բանակցություններում որպես առաջնային գերակայություն կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
«Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպրոտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում:
Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար», - ասել է նա: