Արդեն 3 օր է լուր չունենք Սև լիճի հատվածում կորած 2 զինծառայողի հարցով. փորձագետի հարցերը
Արդեն 3 օր է լուր չունենք Սոթք-Խոզնավար (Սև լիճ) հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են արձանագրվածի պատասխանատուները և այլն։
Մեկ հանգամանք ևս, ՊՆ-ի՝ այդ 2 զինծառայողների՝ առանց զենք առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունը, որևէ հիմնավորում չունի։
Եվ ՊՆ-ի պարզաբանումը, թե նրանք այնպիսի ծառայության մեջ են գտնվել, որը ենթադրել է զենքի բացակայություն, որևէ ձևի ընդունելի չէ։
Հատկապես սահմանագծի այդ հատվածի՝ մասամբ կահավորված լինելու պարագայում, առհասարակ անթույլատրելի առանց զենքի ցանկացած շարժ։
Հուսով եմ՝ առաջիկայում, մեր 2 զինծառայողների հարցով լավ նորություն կունենանք, ինչը սակայն թեմայի հետ կապված որոշ մտահոգություններ այդպես էլ չի փարատի», - ասված է նրա գրառման մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ մառախուղի պատճառով հուլիսի 14-ից կապը կորել է այդ երկու զինծառայողների հետ։
ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Նախարարությունից հայտնեցին, որ մառախուղի պատճառով դժվարանում է որոնողական աշխատանքները։ Հավելենք` զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի, որը ՊՆ-ն բացատարում է ծառայության բնույթով: