Թուրքիայում քաղաքացիները բարձրանալով հայկական եկեղեցու պատի վրա՝ պարել են խաչի շուրջ
12.07.2021
3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ:
Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, թեև եկեղեցու մոտ ոստիկաններ են եղել, այնուամենայնիվ սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել:
Այս միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։
Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Այս մասին Փայլանը գրառում է արել Twitter-ում:
«Դատապարտում եմ նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսևորել Քադըքյոյում գտնվող մեր եկեղեցու նկատմամբ և նրանց, ովքեր դա թույլ են տվել»,-գրել է նա:
Փայլանը պահանջել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ: