25.11.2024
ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին
prev Նախորդ նորություն

Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր

Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր՝ համատեղ ներդրումային նախագծերը համակարգելու նպատակով։ Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի 8-ին Մոսկվայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման ժամանակ։


Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության նախորդ ծրագիրը ավարտվել է 2020 թվականին, նախարար Ռեշետնիկովն ընդգծել է նոր երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությունը:


Ներդրումային նախագծերի մշակման նպատակով Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համագործակցության գծով համատեղ աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երկու կողմերի փոխնախարարներ:


Գործընկերներն անդրադարձել են Հայաստանի և ՌԴ-ի միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի խոչընդոտներին՝ կապված ՌԴ-ում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների հետ կապված գինիների նկատմամբ լրացուցիչ պահանջների հաստատման հետ:


Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է երկկողմ առևտրի ոլորտում առկա թաքնված խոչընդոտները, որոնք դժվարացնում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը: Մասնավորապես՝ նա նշել է, որ Ռուսաստանում փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի հետ առևտրի ժամանակ դեռևս հարկային դժվարությունների են հանդիպում:


Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային կառավարությունների հետ ուղիղ համագործակցության կարևորությունը՝ նշելով Սվերդլովսկի մարզի հետ հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրը՝ առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական հարաբերությունների իրականացման մասին։


Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և առաջարկել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։


Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկու երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները` օգտագործելով ԵԱՏՄ ողջ ներուժը: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երկու երկրների արտադրանքի՝ մետաղագործության, քիմիական արդյունաբերության և գինեգործության ոլորտների ապրանքների համատեղ իրացման հարցերը։


Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։


Հիշեցնենք, որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ առաջատար առևտրային գործընկերը` ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության գրեթե 30,3 տոկոսը: 2015 թվականի հունվարին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո և մինչև համավարակը երկկողմանի առևտուրն աճել է 2 անգամ` 1,26 մլրդից մինչև 2,51 մլրդ ԱՄՆ դոլար: