VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը պատրաստվում է մաքսատուրքից ազատման արտոնություններ տալ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը եւ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը: 2 հարցն էլ ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ապրանքային բետոնի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 291 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ըստ նախագծի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 121 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման եւ 170 մլն դրամի ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ` 220 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3․3 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 17 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ինչ վերաբերում է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը, ապա նրանց կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ Ընկերությունը շուտով շահագործման կհանձնի գերհզոր եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատաեղեր՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախնական տվյալների՝ մինչեւ 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումք եւ նյութերի, ինչպես նաեւ հավելյալ 1․2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար:Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները «թայմաութ» են վերցրել։ Սպասում են, որ Արայիկ Հարությունյանի խաղն ավարտվի, որպեսզի վերսկսեն՝ արդեն իշխանափոխության ճանապարհային հստակ քարտեզ հրապարակելով։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ իր հրաժարականը պահանջող և նախկինների կողմից ուղղորդվող խմբին է միացել Արցախում հայտնի Արթուր Օսիպյանը, ով Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների ժամանակ ընդդեմ նախկինների ելույթներ է ունեցել։ Այս փաստը դուր չի եկել նախաձեռնող իրական խմբին, և որոշել են, որ ինչ-որ պահ դադար վերցնեն, որպեսզի Օսիպյանն իր անելիքն ավարտի, ու նոր միայնակ իրագործեն իրենց պլանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետեւանքներով, այլեւ ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։ Իհարկե, քաղաքացիներն իրենց ձայնն էին բարձրացնում, սակայն նման բողոքի ակցիաներն Արցախում ոչ միայն ներքաղաքական կյանքի վրա կարող են ազդել, այլեւ վտանգներ պարունակեն արտաքին դաշտում: Պատերազմի ավարտից կես տարի անց՝ Արցախի 75 տոկոսի կորստից հետո, Արայիկ Հարությունյանի հրաժարականին նման ձեւով հասնելը կարող է անդառնալի կորուստների հասցնել Արցախին: Այն կնշանակի նոր ու ավելի բարդ ճգնաժամ, եւ տեսակետ է շրջանառվում, թե հրաժարականից հետո հնարավոր է Արցախում այլեւս նույնիսկ ընտրություններ չանցկացվեն: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն օրակարգ բերելով, նրա նկատմամբ անհանդուրժողականություն դրսեւորելով՝ որոշ ուժեր Արցախում փորձում են ապակայունացնել իրավիճակը: Մինչդեռ պետք է հասկանալ՝ ինչի կարող է հանգեցնել ներքաղաքական ամբիցիաների դրսեւորումը, եւ ինչ կլինի, եթե, օրինակ, ընտրություններին ապօրինի կերպով հայտ ներկայացնի որեւէ մեկը ադրբեջանական կողմից: Սադրանք որեւէ դեպքում չպետք է թույլ տալ, Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել 2020-ի գարնանը։ ԱՀ Սահամադրության համաձայն՝ նա գործադիր իշխանության ղեկավարն է։ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ին, եւ քննադատելով հանդերձ՝ պետք է նրա լեգիտիմությունն ընդունել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի բմբուլները քամուն էր տալիս՝ իր «հագով» Սահմանադրություն եւ օրենքներ «կարելու» համար, հիմա ինքն է զբաղված նույն գործով։ Կառավարությունը մտադիր է մարզպետների կուրացիան վերցնել տարածքային կառավարման նախարարից եւ տալ փոխվարչապետներից մեկին` նրան, ում կպատվիրակի վարչապետը։ Այդ փոփոխությունից հետո մարզպետի ինստիտուտը հաշվետու կլինի փոխվարչապետին։ Նախագծում երկար-բարակ ներկայացրել են գործառույթները, ապա հիմնավորել․ «Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը»: Բայց իրականում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունն իրականացնում է կոնկրետ պաշտոնյայի համար: Սա նշանակում է, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը փակ է, եւ նա կդառնա փոխվարչապետ, իսկ մինչ պաշտոնին նշանակվելը, նախարարի նախկին գործառույթներն իր հետ կտեղափոխի փոխվարչապետի գործառույթների տիրույթ։ Հավանաբար, Պապիկյանն արդեն մարզպետների հետ լեզու է գտել, դրա համար էլ օրենքը փոխում են, որ մեկ ուրիշը նոր տողից չսկսի աշխատանքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները եւ մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական եւ անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի եւ այլն։ Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի եւ ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի միջեւ․ վերջինս մարզպետին հիշեցրել է նրա ՀՀԿ-ական անցյալը եւ զգուշացրել, որ հավերժ պաշտոնի չի մնալու։ Հիշեցնենք, որ Սահակյանը, ով մարզպետի պաշտոնում նշանակվեց ընտրություններից առաջ, 2001-2008 թթ. աշխատել է ԱԱԾ-ում, եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»: Անկախ պատգամավորները տեքստում ամրագրում են, որ Արցախի որոշ բնակավայրեր օկուպացված են Ադրբեջանի կողմից, եւ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի հարցի կարգավորման, այլ հրադադարի պարտադրանքով ստորագրված հայտարարություն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում միաձայն ընդունվել էր հայտարարության նախագիծը, որը պետք է հերթական նիստերի օրերին ներառվեր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, սակայն հունիսի 15-ից մեկնարկած նիստերն այդպես էլ չկայացան. քվորում չկար, ու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը եւ քվեարկությունը չկայացան: Երեկվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, սակայն անկախ պատգամավորների նախաձեռնությունն այդպես էլ չի ներառվել ԱԺ-ի կողմից քննարկվող հարցերի շարքում: Պատգամավորների բոլոր փորձերը՝ այս օրերին կազմակերպելու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը, ապարդյուն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւ՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ՛ «Իմ քայլը» խմբակցությունը չեն ներառել հարցը քննարկվող օրինագծերի շարքում: Հավելենք, որ այսօր արդեն գոյություն չունեցող Արտաքին գործերի նախարարոթյունը եւ կառավարության մյուս ոլորտային գերատեսչությունները դրական գնահատական են տվել անկախ պատգամավորների նախաձեռնությանը: Ու հետաքրքիր է, թե ինչու է ԱԺ-ն վիժեցնում Արցախի ապագայի փաստաթուղթը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որն էլ, Սահմանադրության համաձայն, կդառնա գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: Օրենսդրության համաձայն, ԱԺ առաջին նիստը պետք է հրավիրվեր հուլիսի 5-ին: Սակայն, ինչպես հայտնի է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով: Իսկ դա նշանակում է, որ հուլիսի 5-ին առաջին նիստը չի կայանա: ՍԴ-ն կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: ՍԴ-ն այս հարցով որոշում է կայացնում 15-օրյա ժամկետում, այսինքն, մինչև հուլիսի 17-ը: Մասնագետների համոզմամբ, նման ծավալի գործի քննությունը նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ 10 օրից պակաս ժամկետում քննարկել, ինչը նշանակում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չչեղարկելու դեպքում ՍԴ-ում անգամ ամենաարագ քննության դեպքում ԱԺ առաջին նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 19-ին (ինչը գրեթե անհավանական է) կամ 26-ին (առավելագույնը՝ օգոստոսի 2-ին): Ի դեպ, հենց նույն օրն էլ, օրենսդրության համապատասխան, ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի, որից հետո վերջինս 15 օր կունենա կառավարություն ձևավորելու համար: Դե, իսկ եթե ՍԴ-ն որոշում ընդունի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ապա նոր խորհրդարանի ձևավորման գործընթացը կձգձգվի առնվազն մեկուկես-երկու ամսով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում պետական գերատեսչություններում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընտրություններից հետո հատկապես այն նախարարներն ու մարզպետները, որոնք վստահ են, որ վերանշանակվելու են իրենց պաշտոններում, կտրուկ փոխել են իրենց պահելաձևը։ Թերթին տեղեկություններ են հասել, որ նրանք ի ցույց են դնում, որ իրենց դեմ «խաղ չկա»։ Մեզ տեղեկություններ են հասնում նաև, որ նրանք այս օրերին իրենց աշխատակիցների հետ առանձին հանդիպումներ են ունեցել, բացատրել, որ այլևս փոխվում են խաղի կանոնները, և նրանք, ովքեր մտադիր են շարունակել իրենց աշխատանքը գերատեսչություններում, պետք է հարմարվեն խաղի նոր կանոններին, հնազանդ լինեն իշխանական ուժին։ Դրանից բացի, հանձնարարվել է ակտիվություն դրսևորել հատկապես սոցցանցերում, քննարկումների մեջ մտնել, պաշտպանել իշխանության և կառավարության որդեգրած գիծը։ Բացի դրանից, նախարարները, մարզպետները հանձնարարել են նաև, որ աշխատակիցները սեփական էջերում լուսաբանեն իրենց գերատեսչության ամբողջ գործունեությունը, անգամ ամենաչնչինը։ Բացի դրանից, ընդհանուր PR-ի համատեքստում կառավարությունում մտածում են «օրիգինալ» ձևեր՝ հանրության դժգոհությունը հատկապես Նիկոլ Փաշինյանից հեռացնելու համար: Մասնավորաբար, բոլոր այն դեպքերում, երբ աղմուկ բարձրանա որևէ հարցի շուրջ, կամ, առավել ևս, բողոքի ակցիաներ լինեն, պետք է մատուցվի այնպես, թե Փաշինյանը տեղյակ չի եղել, հարցը զեկուցելուց հետո ամեն ինչ շտկվել է ու միանգամից կարգավորվել։ Իսկ մեղավորներ միշտ կարելի է գտնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գերծերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, եւ, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդ դատավորներն էին Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գեւորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը եւ Մանուկ Մարգարյանը: Եվ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Եվ այս ամենի արդյունքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները, դիտարկվել է նամակագրությունը, եւ բացահայտումներ են եղել։ Իսկ այժմ էլ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, եւ առջեւում նոր բացահայտումներ կլինեն»: