VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրվ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Նիկոլ Փաշինյանը ժամեր անց պատրաստվում է նշանակել ԱԱԾ պետ: Ըստ մեր աղբյուրի` Նիկոլ Փաշինյանը նաեւ ունի իր ոստիկանապետի նախընտրելի թեկնածուն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարվա ընթացքում փոխվել է ԱԱԾ հինգ տնօրեն: Արտահերթ ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նորից կփոխվի ԱԱԾ տնօրենը: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին կշնորհվի գեներալ-մայորի կոչում: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ համակարգում վստահ են, որ նա կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ ակունքներին։ Նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել և առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ից հեռացած նախկին պատգամավորը մտադիր է լսարանին ներկայանալ իր նախկին կերպարով՝ որպես լրագրող, հիմա՝ նաև որպես խմբագիր։ Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, և կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձևաչափով։ Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։ Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձևը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն չասաց, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել։ Հիշեցնենք, որ իր կենսագրության մի մեծ հատված՝ 8-9 տարի, մինչև պատգամավոր դառնալը, Նաիրա Զոհրաբյանն աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի: Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից եւ ունի որոշակի փորձ եւ այդ պատճառով էլ ամենահավանական թեկնածուն է համարվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մհեր Գրիգորյանից պարզել, թե արդյոք նման պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ։ Վերջինս նշեց, թե իրեն նշանակելու մասին որեւէ տեղեկություն չունի։ Հստակեցմանը՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի արդյոք, փոխվարչապետը պատասխանեց. «Կառավարության ձեւավորման հետ կապված հարցեր այս պահին չեմ մեկնաբանում»: Ասել է թե՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը>:
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ուշագրավ է, որ երեք տարվա ընդմիջումից հետո խորհրդարան են վերադառնում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Ճիշտ է, կարծիք կա, որ ընդդիմադիր ուժերի մանդատները շատ չեն վճռորոշ հարցերում ազդեցություն ունենալու համար, սակայն, փորձագետների համոզմամբ, կան բավարար գործիքներ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, արտաքին քաղաքականության հարթակում բավականին ակտիվ է լինելու ՀՀԿ-ն՝ փորձելով դառնալ յուրատեսակ հավասարակշռող գործոն՝ թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, թե՛ Արևմուտքի հետ կապերի ապահովման տեսակետից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ ՔՊ-ականները ներկայացնում են իրենց հավակնությունները, որը ներկայացվում է խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին: Եվ այսպես, քանի որ Մակունցը գնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու: Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը եւ Սուրեն Պապիկյանը, ու, կարծես թե, ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը: ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ում թեկնածությունը արտաքին գործերի նախարարի կամ փոխնախարարի այնքան էլ չի ընկալվել, եւ որոշում է կայացվել բավարարվել ԱԺ փոխնախագահի աթոռը նրան տալով: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը: Սակայն ինչպես նշեցինք, սրանք ընդամենը քննարկումներ են թիմի ներսում, եւ այն հավակնություններն են, որոնք ունեն ՔՊ-ականները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ հետեւում է իրադարձություններին եւ կապ է պահում միայն Լիլիթ Մակունցի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ովքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն։ Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Իսկ թեկնածուները երեքն են․ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ում մասին թիմից ասացին՝ օր առաջ ուզում է գլուխն ազատել գործադիրից եւ տեղափոխվել ավելի հանգիստ գործի, գործող նախագահ Արարատ Միրզոյանը եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Երեքն էլ ակտիվ «քարոզարշավ» են անում թիմում եւ աջակիցների փնտրտուքով են զբաղված, բայց ամենաակտիվն Արսեն Թորոսյանն է՝ ապագա փոխվարչապետացուն, Նիկոլ Փաշինյանի սեւ գործերի դագանակը, ով աշխատում է Սուրեն Պապիկյանի օգտին եւ զբաղված է նրա լոբբինգով։ Արարատ Միրզոյանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Ամենաթույլն Ալեն Սիմոնյանի դիրքերն են։ Իհարկե, գործընթացն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, եւ ինչպես ուզենա, այնպես էլ ներթիմային կարծիք «կձեւավորի», սակայն, ինչպես երեւում է, նա այստեղ էլ որոշել է կեղծ դեմոկրատիա խաղարկել։ Ընդ որում՝ բոլորին առանձին-առանձին ասում է՝ ես քեզ եմ տեսնում այդ պաշտոնում, բայց ես չեմ որոշելու, այլ՝ վարչությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանի հրահանգով պետական գերատեսչություններում վհուկների որս է սկսվել, եւ ահազանգեր են հնչում, որ բոլոր ընդդիմադիր աշխատողներին հրահանգում են դիմում գրել-հեռանալ, քանի որ ով իրենց հետ չէ, չպետք է պետական ապարատում աշխատի, Փաշինյանի թիմակիցները յուրայինների հետ հետընտրական խրախճանքներ են կազմակերպում։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն ընտրություններից հետո իրենց համար աշխատող բոլոր «տասովշչիկներին» հովանավորել է, որպեսզի խմբերով հավաքույթներ, պիկնիկներ կազմակերպեն, նշեն իրենց հաղթանակը։ Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էլ է յոթ օր-յոթ գիշեր իր ընկերության աշխատողների համար «Փարվանա»-ում քեֆ-ուրախություն կազմակերպել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների արդյունքում իր ստեղծման օրվանից հետո առաջին անգամ խորհրդարանում ներկայացված չի լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ընտրություններից հետո տարբեր վարկածներ էին շրջանառվում կուսակցության ապագայի հետ կապված: Օրերս կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր. «2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը հորդորել է կուսակցության կառույցների միջոցով բոլոր ԲՀԿ-ականներին հասցնել իր տեսակետը, այն է՝ չընկճվել, երբեք հանրությունից չնեղանալ, շարունակել գործել հանուն երկրի ու ժողովրդի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը նաև ասել է, որ ինքը մնալու է քաղաքականության մեջ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Անցած հանգստյան օրերին և երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է իրենց ջրամատակարարումը։ Այսինքն՝ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին հանդիմանում են՝ «մենք քեզ ընտրենք, դու մեր ջուրը կտրե՞ս»։ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն չի պատասխանում քաղաքացիներին, սակայն նրա լուռ ուղերձի իմաստը հետևյալն է՝ «լավ եմ անում, ձեր ջուրը կտրում եմ, ձեզ հասնում է»։ Այսպիսով, քաղաքացիներն արդեն սկսում են իրենց մաշկի վրա զգալ Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետևանքները, նրանք վճարում են «պողպատյա իշխանության» գինը։ Բայց այս հարցում իրավացի են ոչ թե բողոքող քաղաքացիները, այլ նրանց անտեսող Նիկոլ Փաշինյանը։ Նա երեք տարի շարունակ երկրի հետ արել է այն ամենը, ինչ հնարավոր չէր անգամ պատկերացնել՝ պետական ինստիտուտների քայքայում, տնտեսության խայտառակ վիճակ, պատերազմ, 5000 զոհեր, 10000-ից ավելի վիրավորներ, կորսված Արցախ․․․ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքացիների աչքի առաջ։ Եվ այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քաղաքացիներին՝ իր քայքայիչ գործունեությունը շարունակելու հայտով, ինչը քաղաքացիները ոչ միայն չեն մերժել, այլ հաստատել են ու նրան տվել են «պողպատյա մանդատ»։
Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ձեզ հասնում է» սկզբունքով, ու նա այդ հարցում միանգամայն իրավացի է։ Հասարակությունը, որը պետության հետ կատարված բոլոր արհավիրքներից ու աղետներից հետո կրկին ընտրում է դրա հեղինակ իշխանությանը, արժանի է նորանոր զրկանքների ու կորուստների և դրա համար պետք է մեղադրի ոչ թե դա իրականացնող իշխանությանը, այլ ինքն իրեն, որ այդպիսի իշխանությանը չի մերժել ու ավերածությունները շարունակելու հնարավորություն է տվել։ Այս նույն սկզբունքն այսպիսով առաջիկայում գործելու է հասարակության բոլոր խավերի նկատմամբ՝ գյուղից մինչ քաղաք, Երևանից մինչև Սյունիք։ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու անգործությամբ պատժելու է հասարակությանն իրեն ընտրելու համար։ Հանրապետության բնակավայրերի գրեթե մեծամասնությունում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այդ բոլոր բնակավայրերի բնակիչները հավանություն են տվել պետության կործանմանն ու դրա շարունակությանը։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն, որ պետության քայքայումն ամենատարբեր դրսևորումներով ուշ թե շուտ հասնելու է իրենց բնակավայր, իրենց բակ ու տուն։ Նրանց բոլոր բողոքներին Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է՝ «ձեզ հասնում է», ու նա այդ հարցում լինելու է միանգամայն իրավացի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանի մոտ գնալով խորանում են վախերը, անհանգստություններն ու ծայրահեղացված կասկածամտությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նա ավելի ու ավելի մեծ պահանջներ է դնում իր անվտանգության ապահովման համար: Մասնավորաբար, օրերս նա եղել է Իջևանում և մասնակցել հացկերույթի: Համացանցում կան տեսանյութեր, թե ինչպես են նրա ավտոշարասյան համար կանգնեցնում բազմաթիվ ավտոմեքենաների երթն ու խոչընդոտներ ստեղծում մարդկանց համար: Սակայն «հատուկ» միջոցառումներ իրականացվում են ոչ միայն երթևեկի ժամանակ: «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի անվտանգ հացկերույթն ապահովելու համար մոբիլիզացրել են մարզի ուժային կառույցների ողջ արսենալը: Տավուշի մարզի տարբեր վարչական շրջաններից համապատասխան ուժեր են կենտրոնացրել նաև անտառներում: Նախընտրական ողջ շրջանում պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանին ուղեկցում են ուժայինների հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ներկայացուցիչներ: Ստացվում է, որ նույնիսկ սովորական հացկերույթի դեպքում է իրականացվում «անվտանգային մոբիլիզացիա»: Փաստորեն, շատ հետաքրքիր «ապագայի» մասին էր խոսում իշխող քաղաքական ուժը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին դրամը դոլարի նկատմամբ արժևորվում է: Մինչ այս, սակայն, դրամը արժեզրկվել էր, և այդ միտումները շարունակական բնույթ էին ստացել: Տնտեսագետ Կարեն Ադոնցը դրամի արժևորման միտումը բացառապես երկու գործոնով է պայմանավորում: «Այս միտումն առաջին հերթին կապված է պղնձի գների բարձրացման հետ: Բացի այդ, ՌԴ արտագնա աշխատանքով պայմանավորված՝ ավելացել են տրանսֆերտները: Եթե պղնձի գները շարունակեն բարձր մնալ, տրանֆերտների ներկայիս միտումը շարունակվի, և ֆորսմաժորային որևէ այլ խնդիր չլինի, դրամն ամրապնդվելու է: Պղնձի գները գրեթե կրկնակի են բարձրացել: Մենք անցած տարի մոտ 800 մլն դոլարի պղինձ ենք արտահանել, մեկ տոննայի արժեքը մոտ 5000-6000 դոլար էր: Հիմա գինը ավելի քան 9000 դոլար է: Պատկերացրեք՝ տարեկան կտրվածքով մոտ 700 մլն դոլարի մուտք ունենք, ինչը մեծ գումար է: Փոխարժեքը պայմանավորված է հիմնականում արտարժույթի ծավալով: Ընդհանուր առմամբ, շուկայական միջավայր է՝ եթե դոլարով զանգվածը մեծացավ, դրամն ամրապնդվելու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Ինչ վերաբերում է արժևորման ազդեցությանը՝ տնտեսագետը նշեց. «Այս իրավիճակում դրամի ամրապնդումը դրական ազդեցություն կունենա գնաճի զսպման առումով: Այնուամենայնիվ, գնաճը, բացի ներքին գործոններից, պայմանավորված է նաև արտաքին գնաճով, որը կազմում է 15-20 տոկոս՝ պայմանավորված համաշխարհային շուկայում հանքահումքային ռեսուրսների գների աճով: Այո, ներքին գնաճը զսպելու առումով վերոնշյալ միտումը դրական է, բայց կան նաև այլ գործոններ: Օրինակ՝ արտահանման խթանման առումով դրամի արժևորումը նպաստավոր չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ երեկվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 490-492 դրամ է, վաճառքինը՝ 498-500 դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հունիսի 21-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.17 դոլար: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 222 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 340 դրամ, Ռուսաստանում՝ 337 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 316 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով: Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 32 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերզանացում է 400 դրամը: