Հայ ռազմագերիների դատավարությանը պետք է ներգրավվեն միջազգային փաստաբաններ. Բորիս Ավագյան
Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունից պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացված կլինեն ԱԱԾ-ի, Կառավարության, ՊՆ-ի և ծնողների ներկայացուցիչներ: Այս մասին կառավարության շենքի մոտ ընթացող հերթական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը:
Նա նշեց, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը ոչ միայն լիակատար գործունեություն կծավալի, այլև անհատական մոտեցում կցուցաբերի: Ծնողներին, ասաց նա, պետք է տրամադրվի իրավաբանական խորհրդատվություն.
«Ծնողներից շատերը ինձ հարցնում են՝ երեխաս դատվում է, ցմա՞հ է նստելու, էլ չի գալո՞ւ, վե՞րջ... այդ մարդիկ պետք է հասկանան, որ դա բեմադրված դատավարություն է միջազգային հանրության համար: Բոլորն էլ հասկանում են, եթե քեզ մոտ գերեվարված անձ կա, ապա ցանկացած ցուցմունք, որը քեզ անհրաժեշտ է, կարող ես ստանալ»,- ասաց Ավագյանը:
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ հայ փաստաբանները դիմել են իրենց Ադրբեջան գործուղելու և հայ ռազմագերիներին փաստաբանական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Բորիս Ավագյանը նշեց, որ հայ փաստաբանների ներգրավումը դատավարությանը կլինի ոչ արդյունավետ, քանի որ նրանք կգտնվեն ճնշման տակ: Ավելի ճիշտ է ներգրավել միջազգային փաստաբանների, որոնց վրա Բաքվում ճնշում չի գործադրվի:
VERELQ-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ որոշ գերիների հարազատներ կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց էին հայտարարել։ Նրանք ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը եւ վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Ավելի ուշ նրանցից մեկը հայտարարեց, որ կառավարությունը ժամանակ է խնդրել՝ համաձայնելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Ըստ այդմ, նրանք դադարեցրել էին նստացույցը: