Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը. ի՞նչ է խոստացել ՀՀ կառավարությունը
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Համբարդարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է նստացույցը։
Նա իր որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ կառավարությունը ժամանակ է խնդրել՝ համաձայնելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։
"Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին",- ասված է հայտարարության մեջ։
VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ որոշ գերիների հարազատներ կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարել։ Նրանք ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը եւ վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։