Ընտրակաշառք տալու համար ձերբակալված թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել է
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված 28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:
Տվյալ անձի ձերբակալման իրավաչությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որն իր հունիսի 20-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը:
ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։
Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, տեղեկացնում են Դատախազությունից: