"Ինձ կարող է ներել միայն Աստված". Սերժ Սարգսյանը քվեարկեց
Քիչ առաջ ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ քվեարկել է հանուն անվտանգ, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտության:
Քարոզարշավի ամփոփումը տալով նա ասաց.
"Ողջ իրավապահ համակարգը, հատկապես վերջին օրերին, ակնհայտ հրանգավորմամբ լծված են մեր դեմ գերուժ կիրառելու: Անհասկանալի հրավերներ ոստիկանության բաժիններ, անօրինական խուզարկություններ առանց դաատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ: Մենք առավոտվանից հետևում ենք իրադարձություններին և օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, իսկ հիմնական հայտարարությունը կանենք քվեարկությունից հետո":
Ամենագլխավոր խնդիրը, նշեց նա, հասարակության պառակտումն է, որը պետք է հնարավորինս արագ կարգավորել, որովհետև նման պառակտման պայմաններում հնարավոր չէ որևէ զարգացում ակնկալել:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք տեսնում հնարավորություն կոլիցիա կազմել Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի հետ, նախկին նախագահը պատասխանեց՝ ընտրությունների արդյունքներից հետո այդ մասին կխոսեն:
Իսկ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը ներե՞լ է ձեզ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը փոխանցելու համար, Սերժ Սարգսյանն արձագանքեց.
"Ինձ կարող է ներել միայն Աստված":
Սերժ Սարգսյանը նաև հրաժարվեց կանխատեսում անել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: