23.11.2024
Կասկած կա, որ 5 մլրդը դեռ ամբողջությամբ չեն ստացել, դեռ բան ունեն հանձնելու. Քոչարյան
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն, որտեղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ ընդունել է բժշկական սարքավորումների նոր խմբաքանակը:

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում:

«COVID-19 համավարակով պայմանավորված` մենք կարևորում ենք բժշկական հաստատությունների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի փրկել հիվանդների կյանքը և տրամադրել համարժեք խնամք։ Ի հավելումն, մենք աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների հզորացման, ինչպես նաև COVID-19-ի ներհիվանդանոցային կառավարման ուղեցույցների մշակման ուղղությամբ», - ասել է Եգոր Զայցևը:

«Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրում խիստ կարևոր է: ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունն անում են ամեն բան` ապահովելու բուժման համար անհրաժեշտ սարքավորումներն, ինչպես նաև պատվաստանյութերի հասանելիությունը: Այս փուլում գնահատելի է նաև Եվրամիության, ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը` հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների հարցում»,- նշել է Լենա Նանուշյանը:

COVID-19-ի համավարակին ուղղված աջակցության շրջանակում ԵՄ-ն և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակում են տրամադրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, ինչպես նաև տարբեր նախագծերի միջոցով նպաստել առողջապահական համակարգի հզորացմանը։