Նախորդ շաբաթ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ու հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հանդիպել են Ուկրաինայի հակակոռուպցիոն հաստատությունների իրենց գործընկերներին և մասնակցել Կիևում կայացած «Ժողովրդավարությունը գործողության մեջ. Զրո կոռուպցիա» խորագրով միջազգային բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Համաժողովին մասնակցած ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ԱՄՆ սենատորները, անդրազգային իրավապահ մարմինների աշխատակիցները, հակակոռուպցիոն խնդիրների ուղղությամբ աշխատող ակնառու ակադեմիկոսներն ուսումնասիրել են ժողովրդավարության հիբրիդային սպառնալիքների լուծումները, մասնավորապես՝ ապատեղեկատվությունը, փողերի լվացումը և օլիգարխների կողմից ժողովրդավարական ազգերին սպառնացող անվտանգության սպառնալիքները։ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը համաժողովի հիմնական բանախոսներից էր։ Նա ներկայացրել է Հայաստանի փորձը, մարտահրավերներն ու առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
Նա, մասնավորապես, նշել է, որ 2018թ. իշխանության խաղաղ փոխակերպումից հետո Հայաստանը որոշում է կայացրել գույքի հայտարարագրման համակարգը դարձնել արդյունավետ գործիք երկրում կոռուպցիան կանխելարգելելու համար։ «2019թ. նոյեմբերի վերջին կառավարությունը ստեղծեց պետության համար բոլորովին նոր ինստիտուտ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին լիազորություն տրվեց կանխելու երկրում համակարգային կոռուպցիան: Ես հավատում եմ, որ Հայաստանն ունի գույքի հայտարարագրման ամենաարդյունավետ համակարգերից մեկը, որով կարող է կիսվել այլ երկրների հետ»,- նշել է նա:
Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում պետական պաշտոնյաները շատ լուրջ են վերաբերվում հայտարարագրման գործընթացին. «Հանձնաժողովի ստեղծման պահից մեր ուշադրության կենտրոնում էին նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Մեր հանձնաժողովի կողմից վերլուծվել է գույքի շուրջ 250 հայտարարագիր և ձեռնարկվել են համապատասխան գործողություններ»,- ասել է նա։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ որպես մասշտաբային բարեփոխումների մի մաս, որը նոր կառավարությունը որդեգրել է քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում, 2022 թվականից հանձնաժողովը հայտարարագրման համակարգ կստեղծի նաև կուսակցությունների և դրանց անդամների համար։
«Հայաստանում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորող անդամները պարտավոր կլինեն հայտարարագրել իրենց ունեցվածքը, եկամուտները, մասնաբաժինները և ցանկացած կապեր ու հարաբերություններ բիզնեսի հետ, ինչպես դա անում են այլ պետական պաշտոնյաներ։ Բացի այդ, կուսակցության ֆինանսավորումն ու եկամտի աղբյուրը հատուկ մեթոդաբանության միջոցով կվերահսկվի մեր հանձնաժողովի կողմից: Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը գործի դրվի և մեզ իրապես հնարավորություն տա մաքրելու համակարգը այնպես, որ քաղաքական ազդեցությունն ու քաղաքական ուժը երբեք չմիաձուլվեն բիզնեսի հետ՝ երկրում օլիգարխիկ համակարգ ստեղծելով: Մենք նպատակ ունենք կանխել օլիգարխիկ կառավարումը երկրում, բայց նաև ինչ-որ կերպ խրախուսել կուսակցությունների անդամներին՝ ծառայելու հանրային շահերին»,- հավելել է նա։
Համաժողովից հետո ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը ինտենսիվ աշխատանքային հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչների հետ: Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը և Ուկրաինան ստեղծել են նոր, ամբողջական հակակոռուպցիոն ենթակառուցվածք՝ ներառյալ կանխարգելիչ և հարկադիր կատարման մարմինները, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանները (Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը դեռ հիմնադրման փուլում է): Մասնավորապես, Հանձնաժողովը մանրամասն քննարկումներ և փորձի փոխանակում է իրականացրել Կիևի իր գործընկեր կառույցի` Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության (ԿԿԱԳ) հետ: Այցը ներառում էր ԿԿԱԳ մանդատի վերաբերյալ շնորհանդեսների ներկայացում և տարբեր ասպեկտների՝ գործնականում իրականացման մանրամասն քննարկումներ։
Հանձնակատարները ներկայացրել են նաև հանձնաժողովի՝ հիմնադրումից ի վեր գրանցած ձեռբերումները և ներկա զարգացումները։ Թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և թե՛ Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունն ընդգրկում են գույքի հայտարարագրեր, քաղաքական կուսակցությունների ֆինանսների մոնիթորինգ և կոռուպցիոն ռիսկերի մեղմացում իրենց երկրի համապատասխան նախարարություններում, քաղաքապետարաններում և պետական ձեռնարկություններում՝ որպես կոռուպցիայի կանխարգելման կարևոր միջոց և պետական սեկտորում «բարեվարքության համակարգի» կառուցման բանալիներ:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Ուկրաինայի Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանի ղեկավար Օլենա Տանասիևիչի հետ: Այցի նպատակն էր ծանոթանալ դատարանի ստեղծման և կազմակերպման պատմությանը, դրա գործունեության հիմնական մարտահրավերներին, քանի որ Հայաստանում նախատեսվում է հիմնել նմանատիպ դատարան 2022 թվականին։
Հանձնաժողովի անդամները ներածական հանդիպում են ունեցել նաև Ֆինանսական մոնիտորինգի պետական ծառայության աշխատակազմի հետ: Երկուստեք ընդգծվել է փողերի լվացման սպառնալիքների, այդ թվում ՝ կոռուպցիայի դեմ պայքարում երկրների և վերահսկիչ գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անօրինական ֆինանսական հոսքերը (ներառյալ կրիպտոարժույթի միջոցով) մեղմելու նորարարական մոտեցումները: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել և մոտեցումների փոխանակում են իրականացրել Ուկրաինայի ամբողջ հակակոռուպցիոն ենթակառուցվածքի, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայության հետ: