ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության առումով, սակայն ավելի լուրջ համագործակցության մասին որոշումը պետք է կայացնեն հենց այդ երկրները:
Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել ցանկացած երկրի հայտ, լինի դա Պակիստանը, Իրանը, Չինաստանը, Ադրբեջանը կամ Վրաստանը: «Մեզ համար որոշիչ է լինելու այդպիսի որոշման գիտակցված լինելը և պետության պատրաստակամությունը գործելու հավաքական կերպով անվտանգության ոլորտում: Դա պետք է լինի ոչ միայն ուղղակի քաղաքական քայլ, ինչից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ գիտակցված և հաշվարկված որոշում», - նշել է Բորդյուժան:
Մեկնաբանելով Բորդյուժայի հարցազրույցը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար
Ալեքսանդր Արզումանյանը Ազատություն ռադիոկայանին նշել է, որ Ռուսաստանը փաստացի Ադրբեջանին ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկություն է անում: Արզումանյանը Բորդյուժայի հայտարարությունը Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումների արտահայտություն է համարում, իրենց ազդեցությունը մեծացնելու ցանկություն, այդ թվում ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերի հաշվին:
Թե ինչքանով է Ադրբեջանը պատրաստ և ցանկանում անդամացկել ՀԱՊԿ-ին գիտի հավանաբար միայն Արզումանյանը: Որպես նախկին արտգործնախարար, պատգամավոր և միջազգային հարաբերություններով հետաքրքրվող մարդ, Արզումանյանը ուղղակի չի կարող չիմանալ, որ Բաքուն դեռևս 2011թ.-ին դարձել է Չմիավորված երկրների շարժման անդամ և հետևաբար, ՀԱՊԿ-ին անդամակցության մասին խոսակցությունները, մեղմ ասած, կասկածելի են:
Բաքուն խուսափում է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի, և այս պահի դրությամբ, մեծ հաշվով, գոյություն չունի ռազմական դաշինք Ադրբեջանի և մեծ եղբայր՝ Թուրքիայի միջև: Ինչո՞ւ պետք է նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը, որը շատ գումարներ ունի և սերտ ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել Իսրայելի, Պակիստանի, Թուրքիայի հետ, անդամակցի ՀԱՊԿ-ին: Այդ հարցը բաց է մնում, այդ թվում հավանաբար նաև նախկին արտգործնախարարի համար:
Առողջ տրամաբանությունը խոսում է այն մասին, որ Բորդյուժայի հայտարարությունը ավելի շատ դիվանագիտական ժեստ էր, այն դեպքում, երբ Բորդյուժան չէր խոսում միայն կոնկրետ Ադրբեջանի մասին, այլ նաև Իրանի, Պակիստանի, Չինաստանի և անգամ Վրաստանի: Ընդհանուր կոնտեքստից միայն "Ադրբեջան" բառը հանելը և այդ ուղղությամբ վերլուծություններ անելը խոսում է կողմնակալության առկայության մասին: Պատահական չէ, որ այդ ամենը հնչում է ամերիկյան ռադիոկայանի եթերից:
Խոսելով Արզումանյանի՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին վերաբերվող ամեն ինչի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրվածության մասին, պետք է նշել, որ Արզումանյանը երկար ժամանակ այս կամ այն ձևով մասնակցել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ձևավորմանը 1990-ական թթ.-ին:
Ինչպես հայտնի է, հենց այդ շրջանում է ձևավորվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված ամբողջ իրավապայմանագրային դաշտը, այդ ժամանակ են դրվել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հիմքերը, այդ թվում ստորագրվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության մասին պայմանագիրը:
Պետք է հիշեցնել, որ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կայացվում է կոնսենսուսի հիման վրա, իսկ եթե անդամ-երկրներից որևէ մեկը դեմ է արտահայտվում, ապա որոշումը չի կայացվում: