24.11.2024
Փոթորիկ մեկ բաժակ ջրում. կանդամակցի՞ արդյոք Ադրբեջանը ՀԱՊԿ-ին
prev Նախորդ նորություն

Մահչուփյան. Էրդողանը կոշտ հայտարարություններով փորձում է գրավել ազգայնականների ձայները

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արդեն նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն ապրիլի 24-ից առաջ հարցազրույց է տվել «Ակօս»-ին՝ անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեցվածքի, առաջիկա ընտրություններում հայ թեկնածուների առաջադրման, ինչպես նաև Հռոմի պապի վերջին հայտարարության մասին հարցերին։

Նա նշել է, որ Էրդողանի կոշտ կեցվածքի պատճառն առաջիկա ընտրություններն են, և նման հայտարարություններով գործող նախագահը փորձում է իր «Արդարություն և զարգացում» կուսակցության համար ապահովել ազգայնական զանգվածների քվեները։ «ԱԶԿ-ն 22 մլն ընտրողի ձայն է ստանում։ Դրանցից առնվազն 10 միլիոնն ազգայնական զանգվածներն են։ ԱԶԿ-ն եթե 20 տոկոս քվե ստացող կուսակցություն լիներ, շատ հարցերի շուրջ ավելի հստակ կարտահայտվեր։ Սակայն 50 տոկոս ձայն հավաքող կուսակցությունը ստիպված է իր օգտին քվեարկող բոլոր հատվածների զգայունությունը հաշվի առնել», - ասել է նա։

Մահչուփյանը հիշեցրել է, որ ԱԶԿ-ն նախ «ցավակցական ուղերձ» հղեց, իսկ հետո վարչապետ Դավութօղլուն լրագրող Հրանտ Դինքի մահվան տարելիցին մեսիջով հանդես եկավ։ «Այս տարի ապրիլի 24-ին նման ակնկալիք կա, սակայն դա կլինի, թե ոչ՝ չգիտենք։ Հետին պլանում գուցե ինչ-որ բան նախապատրաստվում է, սակայն ես տեղյակ չեմ։ Եթե անգամ դա տեղի ունենա, դրա տոնը շատ տարբեր կլինի», - ասել է նա, հայտնում է tert.am-ը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում երեք կուսակցություններ հայ թեկնածուների են առաջադրել, իսկ ԺՀԿ-ն առաջադրել է առաջին հորիզոնականում, Մահչուփյանը նշել է, որ դա խորհրդանշական քայլ է և իրեն դուր է գալիս։

Խոսելով Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին վերջին հայտարարության մասին, Մահչուփյանն ասել է. «Պապն այս տարի պարտավոր էր ինչ-որ բան ասել։ Որքան հասկացա՝ ասել է դիվանագիտական ձևով։ Նա նշել է, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, ինչն, իրոք, այդպես է։ Որպես հայ՝ ինձ համար առանձնապես կարևոր չէ, թե նա ինչ է ասել։ Պապն իր ուսերին առկա բարոյական բեռից է փորձել ազատվել», - ասել է նա։