Իսլամական պետությունն արմատնե՞ր է գցում Վրաստանում
Վրաստանի Պանկիսիի կիրճում, որը բնակեցված է հիմնականում չեչեններով, տեղի է ունեցել ծերակույտի հավաք, որտեղ մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջել են կտրուկ քայլեր ձեռարկել Իսլամական պետության դեմ, որը նոր անդամներ է հավաքագրում երիտասարդների շրջանում՝ Սիրիա և Իրաք ուղարկելու նպատակով: Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ կռվում են Իսլամական պետության շարքերում և նրանցից տասնյակները արդեն զոհվել են:
Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեի կարծիքով, Վրաստանի բոլոր իշխանությունների գլխավոր սխալը Պանկիսիի կիրճի նկատմամբ ուշադրություն չդարձնելն է, փոխանցում է apsny.ge կայքը: Արեշիձեն հայտարարել է, որ ոչ մի իշխանություն հոգ չի տարել Պանկիսիի կիրճում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար: Նրա խոսքով, Պանկիսիի երիտասարդության ինտեգրացիան կարևոր գործոն կհանդիսանար, սակայն ոչ մի իշխանություն այդ գործոնը չի օգտագործել:
«Հիմնական սլախը, որը թույլ է տրվել հենց սկզբից, կայանում էր անուշադրության մեջ: Առաջին արաբական մոլան կիրճում էր հայտնվել 1995թ.-ին: Ես անձամբ նրան ճանաչում էի և այդ ժամանակ իշխանության ներսում խոսակցություններ ի հայտ եկան, որ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել», - նշել է նա:
«Յուրաքանչյուր իշխանություն մոռանում էր գլխավորի մասին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, երիտասարդության զբաղվածության ապահովման, նրա ինտեգրացիայի մասին: Կիստինցիները Վրաստանի մյուս ազգային փոքրամասնություններից ամենաշատն են ինտեգրված վրացական հասարակության մեջ, չնայած նրանք պատկանում են այլ կրոնի: Այդ գործոնի չօգտագործումը բոլոր իշխանությունների կողմից հանցագործություն էր»,- նշել է Արեշիձեն:
Չեչենական ծերակույտը Դուիս գյուղում հստակ պահանջներ է դրել Վրաստանի իշխանությունների առջև, սակայն Թբիլիսիի պաշտոնական անձինք հայտարարում են, որ պետությունը իրավունք չունի արգելելու իր քաղաքացիներին մեկնել Թուրքիա, մանավանդ, կիստինցիները մեկնում են Թուրքիա իբր արտագնա աշխատանքի, իսկ այնտեղից տեղափոխվում են Սիրիա և Իրաք: Bloomberg-ի հետ զրույցում փորձագետ Ելենա Սուպոնինովը հայտարարել է, որ Իսլամական պետության շարքում կռվում է գրեթե հազար ռուսախոս ջիհադիստ: Նրա խոսքով, նրանք հիմնականում չեչեններ են՝ Պանկիսիի կիրճից: Պանկիսում բնակվում է գրեթ ութ հազար չեչեն-կիստինցի:
«Մենք հասկանում ենք, որ մարտական գործողությունների փորձ ունեցող, կրոնական և քաղաքական պատրաստություն անցած անձինք իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալուց հետո կարող են սպառնալ այդ երկրների ազգային անվտանգությանը»,- հայտարարել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Իսլամական պետության խմբավորումներից մեկի հրամանատարը Թարհան Բատիրաշվիլին է, ով հայտնի է Օմար Չեչեն մականունով: Բատիրաշվիլին չեչեն-կիստինցի է, ով ծնվել է Վրաստանում: Հրա հայրը բնակվում է Պանկիսիի կիրճում:
Պանկիսիի կիրճը գտնվում է Վրաստանի հյուսիս-արևելքում՝ Ալազանիի գետի մոտակայքում՝ Ահմետյան շրջանում: Հիմնական բնակչությունը չեչեն-կիստինցիներ են, ովքեր այստեղ են տեղափոխվել լեռնային Չեչնիայից ХIХ դարում: Պանկիսիում չեչենների առաջին բնակավայրը հիմնվել է 1826թ.-ին: