24.11.2024
Իսլամական պետությունն արմատնե՞ր է գցում Վրաստանում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Երևանում կքննարկեն Միստրալների հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում կքննարկեն Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին Միստրալ տիպի ուղղաթիռակիրների առաքման հարցերը: Ինչպես հաղորդում է RT հեռուստաընկերությունը, այդ մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է ֆրանսիական հեռուստատեսության ուղիղ եթերում:

Երևանում Պուտինը և Օլանդը կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Մինչ այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ Պուտինը և Օլանդը կարող են հանդիպում ունենալ Երևանում: Մոսկվան և Փարիզը մինչև հիմա վերջնական համաձայնության չեն եկել Միստրալների առաքման հետ կապված: Այդ հարցը բաց է մնում նախորդ տարվանից, երբ Ռուսաստանը պետք է ստանար առաջին նավը:

«Միստրալները դարձել են քննարկման առարկա և դրանք շարունակում են մնալ քննարկման առարկա: Մենք բանակցություններ են վարում, որպեսզի դուրս գանք ստեղծված ճգնաժամից»,- նշել է Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի նախագահը ասել է, որ խնդրի կարգավորումը շատ դեպքերում կախված է Ուկրաինայի իրավիճակից:

Հիշեցնենք, որ Միստրալ տիպի երկու ուղղաթիռակիրների առաքման մասին պայմանագիրը ստորագրվել էր 2011թ.-ին: Առաջին նավը՝ Վլադիվոստոկը, պետք է Ռուսաստան առաքվեր 2014թ.-ին: Երկրորդը՝ Սևաստոպոլը արդեն 2015թ.-ին: Սակայն դա տեղի չունեցավ: Նավերի առաքման դեմ կտրուկ է արտահայտվում ԱՄՆ-ը: Փարիզում իրենց որոշումը բացատրում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակով:

Մինչ այդ, մեկնաբանելով ուղղաթիռակիրների շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ֆրանսիացիները կարգապահ մարդիկ են և Ռուսաստանին չառաքված նավերի գումարները կվերադարձնեն: Նախագահը հիշեցրել էր, որ ժամանակին այդ նավերը պատվիրվել են, որպեսզի աջակցեն Ֆրանսիային և աշխատանքով ապահովեն նրանց նավաշինարանները: Նրանք լուրջ նշանակություն չունեն ՌԴ-ի պաշտպանունակության ապահովման համար:

«Ես ելնում եմ այն հանգամանքից, որ Ֆրանսիայի գործող ղեկավարությունը, ֆրանսիացիները կարգապահ մարդիկ են և մեր գումարները կվերադարձնեն: Մենք չենք պատրաստվում պահանջել չվճարման համար մեծ տուգանքներ, սակայն անհրաժեշտ է, որ բոլոր այն ծախսերը, որ մենք կրել ենք, վերադարձվեն»,-նշել է Պուտինը: