Իմ որդին պատրաստ է գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին. Փաշինյան
Նախընտրական քարոզարշավը շարունակող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է գերիների հարցին ու իր որդուն Բաքու ուղարկելու երեկվա իր առաջարկին:
Շիրակի մարզում ելույթի ժամանակ նա ասել է, թե համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին փոխանցեն իր երեկվա առաջարկը գերիների հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է որդուն՝ Աշոտին, ապա վերջինս պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու բոլոր գերիների վերադարձի պայմանով.
«Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է ու հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար։ Այս ընթացքում ինտենսիվ աշխատանք է տարվում: Գերիների թեմայով մի բառ ավել-պակաս ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- հավաստիացրել է Փաշինյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: