27.11.2024
Զինծառայող Ա.Քաթանյանը այսօր վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին. ՊՆ
prev Նախորդ նորություն

Բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը. ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:


Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:


Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար», - ասված է նրա հայտարարության մեջ:


Հունիսի 7–ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղ նախընտրական այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների խնդրին, հայտարարել է, որ «գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար»:


Այնուհետև նա նշել է, որ գերիները «մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար»։ «Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- նշել է նա ու արժանացել ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքին:


Սերժ Սարգսյանն առաջարկել էր Փաշինյանին իր որդուն փոխանակել 20-25 գերիների հետ, որին ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը հակադարձել է. «Դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, բայց ասում եմ և Ալիևին էլ պաշտոնապես հայտնում` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց»: