ԼՂ կարգավիճակը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ. Լավրով
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, բայց հիմա պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջան խաղաղ կյանքը վերադարձնելու վրա։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, մի քանի տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։