Բոլոր երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. մանկապարտեզի տնօրեն
Նախօրեին Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ Ավելի ուշ բոլորը դուրս են գրվել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Վինի Պուխ և ընկերներ» մանկապարտեզի տնօրեն Աննա Հայրապետյանը:
Նա տեղեկարեց, որ առավոտյան նախաճաշից շուրջ մեկ ժամ անց մի քանի երեխա փսխել են՝ ընդհանուր 11 երեխա:
«Երեկ մանկապարտեզ է հաճախել 56 երեխա, նրանցից միայն 11-ի մոտ է փսխում եղել: Անմիջապես կապ ենք հաստատել շտապ օգնության հետ, որտեղից ցուցում է տրվել, որ երեխաներին տանենք հիվանդանոց»,- ասաց տնօրենը:
Նա տեղեկացրեց, որ սնունդից վերցվել են փորձանմուշներ: Ըստ նախնական վարկածի՝ երեխաների ինքնազգացողության վատանալը հնարավոր է կապված է կաթնաշոռի և թթվասերի հետ:
«Հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն օրը դուրս են գրվել, նրանցից շատերն այսօր կրկին մանկապարտեզ են հաճախել։ Մանկապարտեզ այցելող երեխաների ծնողներից երբեք դժգոհություններ չենք ստացել, երեկվա միջադեպից հետո ևս»,- ասաց Աննա Հայրապետյանը՝ հորդորելով «պղտոր ջրում ձուկ չորսալ»:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։