24.11.2024
Նախարարն ու դեսպանը քննարկել են Ճապոնիայի և Հայաստանի միջև երկարամյա գործակցությունը
prev Նախորդ նորություն

Գտաշենում հիմնվեց առաջին նախադպրոցական կրթության կենտրոնը

Բուլղարիայի կառավարությունը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաջողությամբ ամփոփեցին հերթական ծրագիրը․ Գտաշենում նախադպրոցական կրթության նոր կենտրոն հիմնվեց, իսկ Ամասիա խոշորացված համայնքի միակ նախադպրոցական կենտրոնը վերոնորոգվել, վերակահավորվել և նոր վերականգնողական ծառայություններով է համալրվել։

«Շնորհիվ Բուլղարիայի կառավարության հետ մեր բազմամյա համագործակցության՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է ապահովել կրթական, առողջապահական և վերականգնողական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հեռավոր մարզերում բնակվող երեխաների համար։ Նախադպրոցական կրթության տարիները համընկնում են վաղ մանկության շրջանի միջին տարիների հետ և ամուր հիմք են ստեղծում դպրոցում և ապագայում հաջողության հասնելու համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է այս աշխատանքը՝ ավելի շատ հեռավոր մարզեր և ավելի շատ երեխաների հասնելու համար»,- մանկապարտեզի բացման արարողությանն ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Յուրի Օքսամիտնին։

Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են մանկապարտեզների անձնակազմը՝ զինվելով երեխաների հետ աշխատելու և վերականգնողական ծառայություններ մատուցելու նոր մեթոդոլոգիաներով։ Կենտրոնին նոր դիդակտիկ նյութեր, նոր խաղեր, նոր կահույք և արևային պանելներ են տրամադրվել։ Այս ծրագիրը նախատեսում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական ծառայությունների համակարգված և համագործակցային աշխատանք՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերումը և նրանց ամբողջական ներառումը։ Ինչպես նաև, գործընկերները հանդիպումներ են կազմակերպել համայնքի ծնողների հետ՝ քաջալերելու նրանց իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին նույնպես բերել մանկապարտեզ։

«Կառավարությունը բարձր է գնահատում այս մոդելի մշակումն ու ներդրումը։ Կրթության նախարարությունը բարեփոխումների մեծ փաթեթ է նախաձեռնել, որի շրջանակում ամբողջովին նոր խմբագրությամբ է շարադրվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը՝ ներդնելով նախադպրոցական կրթության իրականացման այլընտրանքային մոդելը։ Այսպիսով հնարավորություն է տրվում մանկապարտեզ չունեցող Հայաստանի փոքր համայնքերին նույնպես մանկապարտեզ ստեղծել՝ ընտրելով հասանելի տարբեր այլընտրանքային մոդելներից մեկը»,- այցի ընթացքում նշեց Արսեն Բաղդասարյանը՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետը։

Մինչ այս Գտաշենում մանկապարտեզ չկար։ Եվ համայնքի հետ միասին, ՅՈՒՆՍԻԵՖ-ը, վերանորոգելով Գտաշենի դպրոցում առանձնացված հատուկ սենյակը, նախադպրոցական կրթության կենտրոն հիմնեց։ Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նաև դպրոցի սանհանգույցները, նոր կրթական նյութեր և խաղեր են տրամադրվել կենտրոնին, և ի վերջո, նոր խաղահրապարակ է կառուցվել։

«Այս կենտրոնի հիմնումը մեծ նշանակություն ունի միգրացիայի կանխման համար։ Եթե համայնքում երեխաներին անհրաժեշտ ծառայությունները չեն մատուցվում, ապա ծնողները, հատկապես՝ երիտասարդ ծնողները, ցանկանում են արտագաղթել համայնքից, որպեսզի իրենց երեխաները հետ չմնան։ Լինելով սահմանամերձ համայնք՝ Գտաշենի համար կրկնակի կարևոր է կանխել միգրացիան և ապահովել երեխաների զարգացման համար անհրաժեշտ առաջին քայլը՝ նախադպրոցական կրթությունը», բացման արարողությանն ասաց Ջեմա Հարությունյանը՝ Ամասիա խոշորացված համայնքի համայնքապետը։

Ծրագիրն իրակացվել է «Քայլ առ քայլ» հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համատեղ։