23.11.2024
Նախագահը Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է սահմանին սրված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Սահմանային ճգնաժամի հարցով ԼՀԿ-ն հորդորում է ԱԳՆ-ին դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ դիմել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին` Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։


ԼՀԿ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12–ից խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, կիրառել սպառազինություն ու առ այսօր դուրս չեն գալիս` շարունակելով բռնազավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքը։


«Ադրբեջանը նաև հրահրում է զինված բախում, որի հետևանքով այսօր՝ մայիսի 25–ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ»,– ասված է հայտարարության մեջ։


ԼՀԿ–ն նշում է, որ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն` ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը նման դեպքերում իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության, որոշելու համար` արդյո՞ք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։


Բացի այդ, անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնում է, որ հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։