Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Այդ մասին ասված է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
Նրա պնդմամբ, պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը:
«Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:
Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ:
Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ», - նշել է նա:
Հարցի գինը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստում հաստատել է, որ Երեւանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Բաքվի հետ: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։
«Եթե Ադրբեջանը իրագործում է մեր պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին մենք խոսում ենք, ապա այո, ես ստորագրում փաստաթուղթը», - ասել է նա՝ հավելելով, որ քանի որ բանակցությունները դեռ ընթանում են, կոռեկտ չէ հրապարակել է աշխատանքային փաստաթուղթը:
Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Telegram-ալիքում հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման մասին Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի նոր հայտարարության տեքստը: Փաստաթուղթը, Միքայել Մինասյանի խոսքով, կստորագրվի մոտ ժամանակներս։