«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ. Գևորգյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ:
««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների: Ինչ-որ անհասկանալի նյութերի նախապատրաստության, տարիներ քննվող քրգործերով պարազաբանումներ ստանալու եւ այլն», - ասել է նա այսօր՝ մայիսի 20-ին, ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում:
Նրա գնահատմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են, որ կոտրեն մարդկանց վճռականությունը: «Բայց ես կարծում եմ, որ նմանատիպ օյինբազություններից դա միայն ամրապնդվում է: Մեր դաշինքը շատ կազմակերպված է արդեն, աշխատանքները դրված են ճիշտ ռելսերի վրա, ուստի անգամ այսպիսի բաներով հնարավոր չի լինելու խաթարել գործընթացը»,- հայտարարել է Գևորգյանը:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 5 մլրդ դրամի ապօրինի յուրացման համար: Արմեն Գեւորգյանն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բարձր պաշտոնների։ Նա «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից մեկն էր։