Պետդեպը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել ՀՀ COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով
ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի համար վտանգավորության չորրորդ մակարդակ է սահմանել՝ «մի ուղևորվեք Հայաստան» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի և որոշ ոլորտներում բարձր ռիսկի պատճառով։
Պետդեպարտամենտի կայքում ճշտվում է, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն արձանագրել են երկրում կորոնավիրուսի բարձր մակարդակը, COVID-19-ի պատճառով կան սահմանափակումներ, որոնք ազդում են Հայաստան ամերիկացիների մուտքի վրա:
Հարկ է նշել, որ վտանգի նման մակարդակ է սահմանվել նաեւ Ադրբեջան եւ Վրաստան ուղեւորությունների համար:
Պետդեպարտամենտը նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Արցախ և հարակից տարածքներ՝ վերջին ռազմական գործողությունների պատճառով՝ նոր զոհերի մասին զգուշացնելով մարտերի ավարտից հետո:
«ԱՄՆ կառավարությունը չի կարող ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում՝ մուտքի սահմանափակման պատճառով ... զգուշացեք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող ճանապարհներից ... ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախնական ծանուցման։
Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ առանց նախնական ծանուցման փակվել ճանապարհորդների համար», - նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: