ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջապահության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին և ՀԱՊԿ-ին դիմելուն։
«Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել»,-ասել է նա։
«Դու քո դիրքը բերել-դրել ես խորքում, Ադրբեջանը առաջ է եկել, դու աշխարհով մեկ գոռում ես՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գա՝ Ադրբեջանին հետ մղի: Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տան, թե՝ ոչ: Ինչո՞ւ պետք է Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրներն ավելի լավ հարաբերություն ունենան Ադրբեջանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պետք է քեզ պաշտպանեն:
Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին, թե՝ դիմեցի ՀԱՊԿ-ին: Հետո՞: Ուղղակի զավեշտի է վերածվում պետության հիմնական ֆունկցիաներից մեկը՝ անվտանգության ապահովումը», - ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։
«Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին։ Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել։ Սրանք չոքած մարդիկ են և վստահ եմ, որ որևէ դիմադրություն չի լինելու։ Մեր լրջագույն խնդիրն այս պահին դիմակայելու նոր ռեսուրսի իսպառ բացակայությունն է»,-ասել է նա։
Մայիսի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները մայիսի 18-ին քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակում աջակցություն է առաջարկել է Բաքվին և Երևանին սահմանազատման հարցում: