24.11.2024
Սոցհարցում. Գերմանացիների մեծամասնությունն աջակցում է Բունդեսթագի Ցեղասպանության ճանաչմանը
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Բունդեսթագի բանաձևը՝ որպես քաղաքական իսլամի դեմ պայքարի միջոց

Էրդողանի Թուրքիան ու քաղաքական իսլամը Եվրոպայում ոչ պոպուլյար են դառնում: Եվ Բունդեսթագում քվեարկությունը պետք է առաջին հերթին այդ համատեքստում դիտարկել: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի Ժամանակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Նրա խոսքով, վերջին շրջանում եվոպացիների գիտակցության մեջ որոշակի ընկալում է առաջացել՝ Եվրոպայի սահմաններն են ընդգծում և ակնհայտ է, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է մղվում այդ սահմաններից:

Ինչպես նշել է արևելագետը, 1990-ականներին այն հարցը, թե ինչպես պետք է կառուցել հարաբերություները Թուրքիայի հետ բավականին սուր էր կանգնած: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, երկար ժամանակ ծեծում է ԵՄ-ի դռները: Եվ մինչ այդ եվրոպացիների մեծ տոկոսը կարծում էր, որ մի շարք բարեփոխումներից հետո Թուրքիան կարող է մտնել ԵՄ-ի կազմ: Դա կապված էր արևմտյան հասարակությունում այդ պահին գերիշխող որոշակի տեսլականների հետ:

«Այժմ տեղի է ունեցել վերադարձ որոշակի ռասիստական դիրքորոշման և, իհարկե, այդ հարցում կարևոր է նաև կրոնական գործոնը: Վերջին շրջանում ակտիվորեն տեղի է ունենում իսլամի և մահմեդականների դեմոնիզացիան: Այդ քաղաքական և փիլիսոփայական թրենդն առաջատար է դարձել արևմտյան աշխարհում և այն ազդել է եվրոպացիների տրամադրությունների վրա, այդ թվում խորհրդարանականների: Հիշենք, Մեծ Բրիտանիայի վարճապետի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ԵՄ անդամ կարող է դառնալ 3000 թ.-ին: Իսկ մինչև վերջերս հենց Մեծ Բրիտանիան էր Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցներից մեկը»,-նշել է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը խաչ է քաշում Թուրքիայի եվրոպական ինտեգրացիա հետագա փորձերի վրա: Դա կապված է ոչ միայն անդամակցության գործընթացի, այլ նաև Թուրքիայի առանց վիզաների ռեժիմի սահմանման ու անգամ Անկարայի ու Բրյուսելի միջև միգրացիոն գործարքի հետ:

Նրա խոսքով, փլուզվել է նաև Թուրքիայի՝ զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը: Թուրքիայի իշխանությունները վատթարացրել են իրենց հարաբերությունները բոլոր հարևանների հետ. բարդ են նաև Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները: Ըստ փորձագետի, նրանք լուրջ տարաձայնություններ ունեն սիրական հարցում, իսկ Անկարան սահմանափակված է արտաքին քաղաքական դաշնում իր գործողություններով:

Արևելագետը նշել է, որ բանաձևի ընդունումը՝ մաքուր PR է և այդ հանգամանքն իրեն ընդհանրապես դուր չի գալիս: Նրա խոսքով, Բունդեսթագի բանաձևը որոշակի դամոկլյան սուր հանդիսանալով Թուրքիայի գլխավերևում՝ քիչ հեռանկարային է պրակտիկ առումով: Նա հավելել է, որ ցեղասպանության թեման դարձել է որոշակի առևտրի առարկա եվրոպացիների, այս պարագայում գերմանացիների ու Անկարայի միջև: