Միջնորդները ներկայացրել է Կասպշիկի թիմի լիզարություններն ընդլայնելու նախագիծ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքներով այսօր հայտարարություն է տարածվել:
Համանախագահների հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քննարկմանն են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորություններն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:
Հաջորդ կարեւոր տեղեկատվությունը, որ տեղ է գտել հայտարարությունում՝ այն է, որ նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը՝ հունիսին հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրյուն մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ նրանց հետ քննարկել Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւս մասնակցել է հանդիպումներին: Նախարարները վերահաստատել են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը», - ասված է տեքստում:
Համանախագահները նախարարներին քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորություններն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը՝ հունիսին հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ hունիսին հանդիպելու հնարավորության մասին առաջին անգամ խոսվել էր Վիեննայում՝ Սարգսյան, Ալիեւ եւ համանախագահներ համատեղ բանակցություններից հետո:
Այնուհետեւ ինքնաթիռում տված հայտնի հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Վիեննայում խոսակցություն է գնացել նաեւ այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: «Քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում», - նշում էր Սերժ Սարգսյանը: