Սյունիքի մարզի «Սև լիճ» կոչվող տեղանում իրավիճակի փոփոխութուն չկա, բանակցությունները շարունակվում են: Կառավարության մայիսի 13-ի նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով ադրբեջանական զինուժի գործողությունները որպես «սադրիչ»:
«Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել Հայաստանի սահմանը Սև լճի հատվածում: Երեկվանից, ըստ էության իրադրության էական փոփոխություն չկա, այն մնում է նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: Այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա», - ասել է վարչապետը՝ նշելով, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել՝ փոխրաձգություն և բախում չկա:
Այժմ վարչապետի պաշտոնակատարի խոսքով տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորականներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Այնուհետև Փաշինյանն արձանագրեց՝ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել. «Ադրբեջանցներն իրենց հետ ունեն, ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով փորձում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»:
Կեղծված քարտեզների առկայությունը, ըստ վարչապետի, ակնհայտ է և դա երևում է դեռևս ԽՍՀՄ ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: «Սա վկայում է, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ», - ասել է նա՝ նկատելով, որ առանձին նաև դիտարկվելու է այն հարցը, թե ինչպես է հնարավոր դարձել ադրբեջանցի զինվորականների առաջխաղացումը միջդիրքային տարածքներով: «Սա առանձին դիտարկվելու է», - վստահեցրեց Փաշինյանը:
Նա կոչ արեց իրավիճակին շատ լուրջ վերաբերվել, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ: «Իրավիճակը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Բանակցությունները շարունակվում են: Բայց սա սցենարներից մեկն է: Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա անձեռնմխելի, Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ին», - ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության նիստից հետո անցկացվելու է նաև Անվտանգության խորհրդի նիստ, որը թվով երկրորդն: Մայիսի 12-ի գիշերը նույն խնդրով անցկացվել էր ԱԽ նիստ Փաշինյանի գլխավորությամբ: «Ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած գործողությունները, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ իրավիճակի հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ», - ասաց նա՝ կոչ անելով գործել շրջահայաց, վճռական և սկզբունքային:
«Պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, ապահովեն փոխգործակցության բարձր մակարդակ: Մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր: Այս խնդիրը մենք պետք է լուծենք», - եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը: