Հայաստանի խորհրդարանը սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունները:
Ներկայացնելով փոփոխությունները` ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ փոփոխությունները կոչված են ապահովելու ցեմենտի եւ կլինկերի ներմուծման գործընթացի կարգավորումը: Փոփոխությունների ընդունման դեպքում այդ գործունեությունը լիցենզավորվելու է և, համապատասխանաբար, գանձվելու է պետական տուրք։
Փոփոխությունները կոչված են պահպանելու Հայաստանի տնտեսական ներուժը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով Հայաստանում գործող ցեմենտի գործարանների համար։
Կառավարության փոփոխությունների նախնական տարբերակը մերժվեց գլխադասային հանձնաժողովի կողմից։ Ուստի կառավարությունը համաձայնել է առաջին-երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել փոփոխությունների փոփոխված տարբերակը, որոնք, ըստ էության, ամբողջությամբ ներկայացնում են հանձնաժողովի դիրքորոշումը և հնչեցված բոլոր առաջարկությունների արտացոլումն են։
«Ըստ էության, այդ առաջարկն արտացոլում է մինչեւ 2020 թվականի վերջը գործող կարգավորումը, փոքր փոփոխությամբ՝ կլինկերի ներմուծման պետական տուրքը մի փոքր կբարձրանա», - հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ կառավարության վարկածով նախատեսվում էր ցեմենտի ներմուծման համար «արգելափակող» պետական տուրք սահմանել՝ ի շահ ներքին արտադրության պահպանման:
Քերոբյանը դժվարացավ ներկայացնել կոնկրետ փոփոխություններ, որոնք նախատեսվում է կատարել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։
Այնուամենայնիվ Քերոբյանը որոշակի քննադատության է ենթարկել անցյալ տարի գործող կարգավորումը, որն առաջարկվում է պահպանել փոքր ճշգրտումներով: Նա նշել է, որ թեև տեղական արտադրողների իրացման ծավալներն ավելացել են երեք անգամ, նույնքան ավելացել են նաև վնասները, մեկ տարվա ընթացքում հարկային վնասներն ավելացել են 900 մլն դրամից մինչեւ 2.2 մլրդ դրամ:
«Ըստ էության, այդ ընկերությունները սնանկացման եզրին են։ Վարկածը, որին մենք համաձայնություն ենք տվել, չի փրկի այդ ընկերություններին, ընդհակառակը։ Ամենայն հավանականությամբ մենք ստիպված կլինենք այլ լուծում գտնել այդ գործարանները փրկելու համար, քանի որ մենք շահագրգռված ենք առկա բոլոր արտադրական հզորությունների լիարժեք օգտագործմամբ», - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։
Նշենք, որ քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացված տարբերակով նախատեսվում է ցեմենտի ներմուծման դեպքում գանձել բազային տուրքի 2500-ապատիկը յուրաքանչյուր 100 տոննայի համար, կլինկերի դեպքում՝ 900 – ապատիկը: Փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծի ընդունումը կապահովի բյուջետային եկամուտների ավելացում՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ 1.5 մլրդ դրամի չափով, որից 700 մլն դրամը՝ ցեմենտի ներմուծման հաշվին:
Պատգամավորները դեմ են նման կարգավորմանը և համաձայն են միայն կլինկերի ներմուծման համար Պետական տուրքի աննշան ավելացմանը։