ԱԺ-ն փակ դռների հետևում քննարկում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը
Խորհրդարանը սկսել է քննարկել 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը: Նախօրեին ընդունված որոշման համաձայն՝ զեկույցը քննարկվում է փակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ փակ քննարկման առաջարկն արել է պատգամավորների 1/5-ը, կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ չի արտահայտվել ոչ ոք: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախօրեին նշել էր, որ թեև ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը հանրային հետաքրքրություն են ներկայացնում, այլապես հիմք չէին դառնա հանձնաժողով ձևավորելու համար, սակայն հաշվետվության կազմման ընթացքում պետական տարբեր կառույցներ արձանագրեցին եզրակացության մեջ պետական գաղտնիք պարունակող մի շարք տվյալների առկայությունը:
Այդ կապակցությամբ փաստաթուղթը գաղտնագրվել է, և դրա ներկայացման և ընդլայնված ձևաչափով քննարկման միակ հնարավորությունը փակ նիստի անցկացումն է։ Հանրությունն էլ հնարավորություն ունի ծանոթանալու հանձնաժողովի բացահայտած փաստերին՝ ի դեմս Ազգային ժողովի պատգամավորների՝ իր ներկայացուցիչների միջոցով։