Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ գերիների հարցում. ՀՀ դեսպան

Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումն Արցախի դեմ պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: Այս մասին նշել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «ISNA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:


«Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախ և առաջ տարածաշրջանի երկրների համար»,-նշել է դեսպանն՝ ավելացնելով, որ զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ:


Խոսելով ճգնաժամի հաղթահարումից՝ դեսպանն ընդգծել է, որ ըստ հայկական կողմի, հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա, Արտաշես Թումանյանի խոսքով, նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում: Հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը:


«Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով:


Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը»,-նշել է դեսպանը:


Արտաշես Թումանյանի խոսքով, հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, ցանկալի կլիներ տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Ըստ դեսպանի՝ միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը: Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը:



 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...