Ազգային ժողովի դիմաց այսօր՝ ապրիլի 30-ին, «Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունն անցկացրեց ակցիա, որին հետեւց ավտոերթ դեպի ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատներ:
Ակցիային մասնակցելու համար այստեղ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերից, մասնավորապես, Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները, ծնողները:
«Նախաձեռնության առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, երբ աշխարհի 15 երկրներում գերիների վերադարձի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել», - ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է նախաձեռնության կազմակերպիչներից Սեդա Գրիգորյանը՝ հավելելով, որ սյս նախաձեռնությունը մեկնարկել է Սփյուռքում, որտեղ մի քանի համայնքներում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում իրենց կառավարությունների կամ Ադրբեջանի դեսպանատների մոտ:
«Առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որին մասնակցել են աշխարհի շուրջ 15 քաղաքներ: Այսօր արդեն 15 երկրների 30-ից ավելի քաղաքներ են մասնակցում ակցիային: Դրանց շարքում են հետեւյալ քաղաքները՝ Բեռլին, Ժնեւ, Մոսկվա, բրյուսել, լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Երեւան, քաղաքներ Խորվաթիայից, Իսրայելից, Չեխիայից», - ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով, ակցիային միանում են ոչ միայն հայկական համայնքները, այլ միջազգային իրավապաշտպաններ ու ակտիվիստներ: Այնուհետև նա ընթերցեց իրենց կազմած հայտարարության տեքստը հայերեն եւ անգլերեն:
Ակցիային մասնակից Ադրբեջանում բռնի ուժով պահվող հայ գերների հարազատները մեկ խնդիր են դնում. «Մենք միայն ուզում ենք, որ մեր երեխեքը ողջ առողջ վերադառնան»: «Այո, տեսաուղերձ եղավ, կապ ունեցանք իրենց հետ, տեսանք, որ ողջ են, բայց թե ինչ պայմաններում են, մենք չգիտենք: Մենք միայն ուզում ենք, որ մեր երեխեքը ողջ առողջ վերադառնան», - ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է գերիների հարազատներից մեկը:
Այնուհետև ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվեցին դեպի Հայաստանում մի շարք երկրների դեսպանատներ, որտեղ ընթերցեցին իրենց հայտարարությունը՝ պահաջելով գործական քայլեր ձեռնարկել Ադրբեջանից հայ ռազմագերիներին հնարավորինս շուտ վերադարձնելու համար: