Սյունիքում ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են առևանգել ՀՀ քաղաքացիներին. պատգամավոր
Սյունիքի մարզում ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են առեւանգել Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը։
Նա նշել է, որ բազմիցս եղել է Սյունիքում, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նիստին ներկա ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանին: «Ինչպես է ապահովվում անվտանգությունը Սյունիքում։ Ես այնտեղ էի, ամեն ինչ տեսա։ Ճանապարհը բաց է, ամեն ինչ բաց է։ Մի կողմից՝ թուրք, մյուս կողմից՝ մենք։ Անհասկանալի իրավիճակ է։ Ինչպես է ապահովվելու այդ մարդկանց անվտանգությունը։ Ասեմ ուղղակի, թաքցնելու ոչինչ չունեմ. ցանկացած պահի թուրքը կարող է մարդուն առեւանգել այդ ճանապարհից։ Դա ակնհայտ է։ Եվ պարտադիր է, որ նման բան տեղի ունենա, որպեսզի սկսեն գործե՞լ», - ասել է նա:
ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը նշեց, որ հայ սահմանապահներն ակտիվորեն աշխատում են երկրամասում և ապահովում են քաղաքացիների անվտանգությունը:
Նա հիշեցրել է, որ 520-կիլոմետրանոց հատվածում չի իրականացվել սահմանի վերջնական դելիմիտացիա, ինչի կապակցությամբ պարբերաբար խնդիրներ են առաջանում, որոնք պահանջում են օպերատիվ միջամտություն եւ գործողություններ, որոնք ձեռնարկվում են սահմանապահների կողմից: Մելքոնյանը նշել է, որ ամենախնդրահարույց հատվածը Կապան տանող ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածն է: Նա հիշեցրել է, որ ճանապարհի այդ հատվածը վերահսկվում է նաեւ ռուս սահմանապահների կողմից, որոնք օգնում են լուծել կոնֆլիկտային իրավիճակները:
Մելքոնյանի պարզաբանումները պատգամավորին չբավարարեցին։ «Ես այնտեղ էի բոլորովին վերջերս։ Ավտոմեքենայի անիվը ծակեց։ Այնտեղ մի քանի ժամ կանգ առա, բայց ոչ մեր, ոչ էլ ռուս սահմանապահներին ես չեմ տեսել։ Դրա վրա արժե մտածել», - եզրափակել է Սասուն Միքայելյանը։