12.12.2024
Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան հանդիպումների փաստը չպետք է զարմանալի լինի. խոսնակ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանի վարկանիշի մանիպուլյացիաները պրոադրբեջանական փորձագետի ձեռամբ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ կա, սակայն չի աշխատում ՌԴ Արևելագիտության ինստիտուտում։ Մենք կապվեցինք ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։ Տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հազիվ թե իրենց կողմից նման հարցման պատվեր լիներ, առաջարկեցին կապվել ինստիտուտի գիտքարտուղարության հետ։ Գիտքարտուղարի օգնական Նատալյա Շլյոցկայան ասաց, որ պարոն Պրիտչինն այլևս իրենց մոտ չի աշխատում։ Իսկ հնարավո՞ր է, որ նա ներկայացրած լինի ինստիտուտի պատվերով անցկացված հարցումներ։ «Եթե նա նոր է նման բան հայտարարել, ուրեմն չէր կարող լինել ինստիտուտի կողմից»։ Իսկ ինստիտուտը հարցումներ անո՞ւմ է։ Պատասխան․ «Մենք ունենք սոցիոլոգներ, Սավինը, որ զբաղվում է Կենտրոնական Ասիայով, ոչ Այսրկովկասով, սոցհարցումներ է անցկացնում։ Այլ սոցիոլոգներ էլ ունենք, որ Մոսկվայում կարող են ինչ-որ հարցումներ անել։ Բայց սա մեր ինստիտուտի առաջնային ուղղությունը չէ»։ Պարոն Պրիտչինի հեռախոսահամարը ինստիտուտից հրաժարվեցին տրամադրել։ Համացանցում որոնումները ցույց տվեցին նրա նոր աշխատավայրի նշումը՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոն։ Դե, իսկ ՌԴ պետական գործակալություն հանդիսացող ՏԱՍՍ-ը հայտնի է, որ գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ընտրությունների քարոզարշավի առումով Նիկոլ Փաշինյանը, «ոտուձեռ ընկած», մեխանիզմներ է մշակում: Նախ, իշխող ուժը, ըստ տեղեկությունների, զբաղվելու է բացառապես հակաքարոզչությամբ: Քանի որ հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, խոստումները չեն կատարել, ներկայանալու ոչինչ չունեն: Ուստի պիտի քար նետեն այլոց «բոստանը», հատկապես նախկինների: Սակայն Փաշինյանը սրանով չի բավարարվի:  «Փաստ» թերթի տեղեկություններով, նա ընտրարշավի է գործուղելու մի քանի կեղծ ընդդիմադիր միավորներ՝ պայքարելու այն իրական ընդդիմադիր ուժերի դեմ, որոնցից շոշափելի վտանգ է զգում: Ընդ որում, այդ միավորներից յուրաքանչյուրն իր հստակ «թիրախն» է ունենալու: Օրինակ՝ արևմտյան ֆինանսավորմամբ ու ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցող որոշ մարդ-կուսակցություններ «գործուղվելու» են բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար. առավոտյան քնից արթնանալուց հետո՝ մի հայտարարություն կամ հրապարակում երկրորդ նախագահի դեմ, հետո օրվա ընթացքում ռեժիմով՝ նույնը, քնելուց առաջ մի հատ էլ՝ «կանտրոլնի», իհարկե, ժողովրդական լեզվով ասած, ձեռքի հետ էլ «շառ անելով»: Ի դեպ այս միրավորներն այսօր արդեն զբաղված են դրանով: Ընդ որում, նրանք արդեն իսկ շրջում են բնակավայրերով, 4-5 հոգով գնում են հանդիպումների, որոնց մասնակցում են իրենցից քիչ մարդիկ: Նրանք «մատի փաթաթան» են դարձնելու նաև Մարտի 1-ի թեման, որը նրանց համար միշտ եղել է հացուջրի միջոց: Հավելենք, որ Փաշինյանը հիմա մտածում է այդ միավորներից գոնե 2-3 դաշինք ձևավորելու հնարավորության մասին, որ համ իր ցանկությունները կատարվեն, համ էլ արևմտյան հայտնի «կենտրոնները» գոհ մնան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է չստորագրի երեկ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունները՝ քրեական եւ վարչական օրենսգրքերում, քանի որ, ինչպես Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, նախատեսվող փոփոխությունների փաթեթը նախապես ուղարկել են նախագահական, առաջարկել կարծիք հայտնել, սակայն մինչ օրս չեն ստացել պատասխանը։ Եթե նախագահը չստորագրի եւ չդիմի Սահմանադրական դատարան, ապա 21 օր անց ԱԺ նախագահը կստորագրի օրենքը, եւ այն, իշխանությունների սիրած տերմինով՝ իրավունքի ուժով ուժի մեջ կմտնի՝ ընտրությունից հինգ պակաս։ Այսօր խորհրդարանը նախագիծը կքննարկի երկրորդ ընթերցմամբ։ «Ուսապարկերը» շտապում են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջիկայում կդրվի խորհրդարանի քննարկմանը, սակայն օրենսգիրքը կընդունեն, բայց կգրեն, որ այն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնայած իշխանությունները ցանկանում էին, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին խորհրդարան մտնելու անցողիկ շեմի փոփոխություն կատարեն՝ կուսակցությունների համար իջեցնելով եւ դարձնելով 4 տոկոս, իսկ դաշինքների համար բարձրացնելով եւ դարձնելով 8 տոկոս, բայց, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններից առաջ դա չեն կարող անել, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մի կողմից կանաչ լույս է վառել շեմի իջեցման համար, մյուս կողմից՝ շեշտել, որ ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում չի խրախուսվում վատթարացնող նորմը՝ շեմի բարձրացումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։  Մասնավորապես, փոխարտգործնախարարներից մեկն է հրաժարվել, իսկ ՊՆ ներկայացուցիչ, գերիների հարցով զբաղվող Մարտիկյանն առաջարկել է թույլտվություն ստանալ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, նրա համաձայնությունից հետո խոստացել է գալ ԱԺ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում: Այս օրերին քրեական գործեր են «կարվում» մի շարք ընդդիմադիրների նկատմամբ, ոմանց հրավիրում են ԱԱԾ: Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հաստատեց, որ իրեն և ամուսնուն նույնպես հրավիրել են ԱԱԾ: Այսպիսի օրինակները քիչ չեն, և կան տեղեկություններ, որ գնալով զանգվածային բնույթ են ստանալու, հին ու նոր «գործեր» են «վերակենդանացնելու», քանի որ Փաշինյանը պարզապես սարսափած է ընտրություններում պարտվելու մտքից: Ի դեպ, այս ամենից բացի, Նիկոլ Փաշինյանն սկսել է աշխատել նաև Ֆեյսբուքում: Մեր տեղեկություններով, նրա ուղիղ հրահանգով զանգվածային բողոքներ են ուղարկվում ընդդիմադիրների սոցցանցային էջերի դեմ, ինչի հետևանքով որոշ էջեր կա՛մ որոշ ժամանակով բլոկվում են, կա՛մ սահմանափակվում են առանձին ֆունկցիաներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում: Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն աշխատել եւ կալանքի միջնորդությունների ժամանակ տեսանյութ չեն ցուցադրել, թե կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից ով ինչ է անում, եւ ինչ հիմք կա նրանց կալանքի համար: Եվ, ահա, երբ դատավորներն ասել են՝ ապացույց բերեն, քննիչները բացատրել են, թե այս պահին չունեն տեսանյութ, իսկ, ահա, դատավորներին էլ այլ ելք չի մնացել, քան նրանց ազատ արձակել: Ասել է թե՝ Սյունիքի բողոքի ակցիաների մասնակիցներին չկալանավորելու գործում քննիչները մեղքը գցում են դատարանների վրա, իսկ դատավորներն էլ՝ քննիչների վրա:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին: Նա անդրադարձել է նաև Հայաստան զենք ներկրող Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանին՝ նշելով, որ նա Ռուսաստանում զենք ու զինամթերք է գնել և տեղափոխել Հայաստան: Սա Ադրբեջանի նախագահի կողմից որակվել է որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»: Թշնամական երկրի ղեկավարի նման արձագանքը, երևի թե, ինքնին բնական է: Գալստյանը իսկապես մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի համար սպառազինություն հայթայթելու հարցում, և Ադրբեջանում նրա նկատմամբ նախագահի մակարդակով ատելությունը բնական է: Սակայն ուշագրավ է, որ Դավիթ Գալստյանին նույն «հաջողությամբ» մեղադրում են նաև Հայաստանի գործող իշխանությունները: Նրան մեղսագրվող մեղադրանքը, ըստ մեր տեղեկությունների, չեն հաստատում անգամ վարչապետին ենթակա գերատեսչությունները, սակայն շարունակաբար կալանքի տակ են պահում: Խոսքը մի մարդու մասին է, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն: Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման՝ 180-ից ավելի թռիչքների միջոցով:


Ի դեպ, Ալիևը չի «մոռացել» նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նրան ևս այս կոնտեքստում մեղադրանքներ ներկայացնելով: Անկարևոր չէ նշել, որ նույն Ալիևը հպարտությամբ է նշում, որ Դավիթ Գալստյանը Հայաստանում կալանավորված է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատված է աշխատանքից: Հետաքրքիր է, որ պատերազմի հետ առնչվող քրեական գործերը քնեցվում են ԱԱԾ, Քննչական կոմիտեի և այլ կառույցների վարույթներում: Դե, նախընտրական շրջան է, իշխանությունները զբաղված են սեփական վերարտադրությամբ և նման «մանր» հարցերով զբաղվելու ժամանակ չունեն: Եվ, ըստ էության, միակ մարդը, որին փորձեցին հռչակել պատերազմում պարտության մեղավոր և շարունակում է մնալ կալանքի տակ, Դավիթ Գալստյանն է, իսկ Դավիթ Տոնոյանն էլ դարձավ յուրատեսակ «քավության նոխազ»: Ստացվում է, որ այս անձանց հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների «տեսակետները» լիովին համընկնում են՝ թե՛ Դավիթ Գալստյանին անազատության մեջ պահելու, թե՛ պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելու: Դե, ինչ, մնում է՝ Ալիևի հայտարարությունների հիման վրա Հայաստանում մի քրեական գործ էլ Տոնոյանի նկատմամբ հարուցեն, ու պատկերն ամբողջական կդառնա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նպատակ ունի առաջիկայում լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները, քանի որ նրանց այդպես էլ չկարողացավ ենթարկեցնել: Եվ հիմա քանի որ բոլոր տեսչական մարմինները վարչապետին կից կառույցներ են, նա նաեւ նպատակ ունի դրանք տանել եւ միավորել նախարարություններին, ինչպես եղել է նախկինում: Նախարարները աշխատում էին, հետո իրենց նշանակած կադրը ստուգում էր նախարարության գործունեությունը։ Եվ հիմա Արսեն Թորոսյանը նպատակ է դրել ազատվել տեսչական մարմինների գրասենյակներից ու նոր ձեւավորվող տեսչություններում իրենց ցանկալի անձանց նշանակել։ Թե ինչով կավարտվեն աղմկահարույց պաշտոնյայի նկրտումները, դժվար է ասել, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մեկնարկը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կրակն է ընկել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ձեռքը: Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:  Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե շատ դրական նախագիծ է, եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը բերելու է նրան, որ քաղաքացիները խաղամոլությամբ չտարվեն, սակայն իրականում սահմանափակումներից հետո եռապատկվել է մոլախաղով զբաղվողների թիվը Հայաստանում։ Ու պարզվում է՝ ՀՀ կրթության, գիտության հանձնաժողովում գրեթե ոչ ոք ծանոթ չի եղել նախագծի բուն էությանը, բովանդակությանն ու ռիսկերին։ Եվ այդ պայմաններում նշված հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել է, հետո հասկացել, որ դրա կիրառումն իրականում ու վերահսկողությունը անհնարին է: Հիմա չգիտեն՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Տեղեկացնենք, որ այսօր հանձնաժողովը նախագիծը պետք է երկրորդ ընթերցման ներկայացնի, բայց մենք տեղեկացանք, որ հանձնաժողովի նախագահը ու շատ անդամներ դեմ են, որ այն ԱԺ մեծ օրակարգ ներառվի երկրորդ ընթերցման ռեժիմով: Նշենք, որ մի խումբ լրատվամիջոցների խմբագիրներ առաջարկություններ են ուղարկել հանձնաժողովի ներկայացուցիչներին, որտեղ նշվել են այն փաստերը, ըստ որոնց՝ այդ նախագիծն անհնարին է ընդունել ու կիրառել: Հավելենք, որ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն է լինելու նախագծի ներկայացնողը կառավարությունից, որը, կարելի է ասել, սպասում է գործադիրի առաջարկին՝ նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու եւ շրջանառությունից հանելու համար: Նույն հաստատմանը սպասում է նաեւ հանձնաժողովը` նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ: Տեսնենք՝ ինչով կավարտվի աղմուկ հանած օրենքի քննարկումը։