VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի եւ Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ ուզում է նրանից ազատվել, բայց ձեւը չէր գտնում։ Կարելի էր գործող ավագանու կազմից մեկով նրան փոխարինել՝ անվստահություն հայտնելով, բայց քիչ թե շատ ունակ մարդ չկա․ ցուցակ կազմելիս երկու քայլ այն կողմ չեն մտածել։ Հիմա որոշել են օրենսդրական փոփոխությամբ հեռացնել քաղաքապետին։ Այնքան վստահ են հաղթանակի հարցում, որ նախատեսում են Երեւանի վարչատարածքային բաժանումը փոխել, իսկ համայնքի խոշորացումից հետո ՏԻՄ ընտրություններ պետք է կայանան։ Իրենց հաշվարկով, աշնանը ընտրություն կանեն, այդ պաշտոնում Փաշինյանը տեսնում է Տիգրան Ավինյանին, իսկ նրա փոխարեն փոխվարչապետ կնշանակվի Սուրեն Պապիկյանը, թեեւ Արսեն Թորոսյանն էլ է հավակնում այդ պաշտոնին։ Նոր վարչատարածքայինով կարող է Փարաքարը կամ Արգավանդը միացվել Երեւանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ ԳՄ ձեւաչափով որոշեց մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություննոերին, թեեւ մեծուփոքր ՀՀԿ-ները բացառում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում ընտրությունների գնալը։ Իսկ ինչպե՞ս է ընթացել ԳՄ դռնփակ նիստը։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի գրեթե ողջ ընթացքում խոսել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ներկաները տպավորություն են ստացել, որ Սարգսյանն արդեն որոշում կայացրած է ներկայացել նիստին։ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում: Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, միայնակ ընտրությունների գնալով, սխալ կաներ, ճիշտ տարբերակը Վանեցյանին միանալն է: Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորները` Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ում Սարգսյանի որոշումից հետո տրամադրությունների կտրուկ բարձրացում է նկատվել, որ ԱԺ վերադառնալու շանսեր են նշմարվում։ Ի դեպ, շատերին ասվել էր, որ Սերժ Սարգսյանը ոչ մի ձեւով չի ցանկանում ընտրություններին մասնակցել եւ չի լինելու ցուցակում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ երկու՝ առաջին հայացքից միմյանց հակոտնյա ուժ համաձայնության եկան դաշինքով ընտրությունների գնալու հարցում՝ Հայաստանի հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունները։ Երկու հին եւ նոր կուսակցության միավորումից դեռ պարզ չէ, թե ինչ է ծնվելու, սակայն, ամեն դեպքում, միավորումներն ու կոալիցիաները պետք է ողջունել, քանի որ մասնատված քաղաքական դաշտը ոչ մի լավ բան չի նշանակում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ եւ իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որեւէ ձեւով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը: Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, եւ դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը զբաղվում է նաեւ ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին, ամեն դեպքում, հայտնի դարձել էր «Քոչարյան» ցուցակի առաջին տասնյակը. նրանք դեռ շարունակում են առաջին կնոջ փնտրտուքները: Այս պահին հայտնի է, որ ցուցակը գլխավորելու է նախկին նախագահը, երկրորդ տեղում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, չորրորդում՝ Վահե Հակոբյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի հիմնահարցի կարգավորումը կկանգնի եւ ժամանակավորապես կդադարի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Բանն այն է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, եւ բաց են մնում կարգավիճակի հարցն ու տեղահանվածների վերադարձի խնդիրը: Տեղահանվածների վերադարձի խնդիրը այլ բան չէ, քան Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, քանի որ այստեղ է, որ առկա է տեղահանվածների վերադարձի խնդիր: Դրանից առաջ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Սակայն նկատենք՝ Տարասովը կարծում է, թե այս պահին ամենաքիչն էր պետք ճանաչել այն: «Ամերիկացիները պատերազմի հետեւանքները լեգիտիմ չեն համարում եւ ցանկանում են գործողությունները վերսկսել Մինսկի խմբի միջոցով: Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երեւանի եւ Անկարայի միջեւ սկսվել էին չբարձրաձայնվող կոնտակտներ: Կարծում եմ՝ թուրքերը միանգամից չեն գնա, այլ դադար կտան, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը կկանգնի», – նշեց Տարասովը: Վերջինիս խոսքով՝ Մոսկվան ընդհանրապես չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, Մակրոնը եւս բարձրացնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացման հարցը: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ, քանի որ օրակարգում առաջարկվող հարցերի ցանկում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի ընդհանրապես: Կարծում եմ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես, թե այնպես, վերսկսվելու են», – հավելեց նա: Տարասովի խոսքով՝ ամերիկացիներն աշխատում են իրավիճակի վատթարացման օգտին, եւ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Փարիզի միջեւ երկխոսություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ-ում իրենց քայլերի համաձայնեցման շուրջ: Սակայն, վերջինիս խոսքով, ՌԴ-ն եւս անմասն չի մնալու գործընթացներից»։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ալիեւի մենախոսությունն արդեն սպառնում է առաջին հերթին իր երկրի անվտանգությանը: Վերջինս Արցախի օկուպացված տարածքներ կատարած յուրաքանչյուր այցի ժամանակ հոխորտում է, որ եթե Հայաստանը Սյունիքի հարավով ճանապարհ չհատկացնի Նախիջեւանին միանալու համար, ապա նա ուժով կլուծի հարցը: Նկատենք, որ նման հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ հայկական պաշտոնական շրջանակներից որեւէ նախորդող որակավորում այդ հարցով չի հնչեցվում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի առաջնորդի խոսքերը, ըստ էության, մենախոսություն են: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը «խոսում» է Սյունիքի ժողովրդի հետ, որը մտահոգություններ ունի ճանապարհի բացման շուրջ, եւ այդ մտահոգությունները, ցավոք, հիմնազուրկ չեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով դիմել է ՍԴ, սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշել է չսպասել քննության ավարտին՝ հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը․ կազմը կրճատում է՝ 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում նույն համամասնությամբ էին՝ 25-ական տոկոս։ Փաստորեն, իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունն ու կառավարելի դարձնել, եւ այս շտապողականությունը հիմնականում ԵՊՀ-ում ստեղծված վիճակով է պայմանավորված։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։ Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը մեր հարցին ի պատասխան նախ ասաց. «Ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա՝ այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։ Իսկ ի՞նչ է եղել նոյեմբերի 9-10-ի գիշերը վնասված գույքի հետ։ «Տարբեր տեղերում․․․ դռները, որոնք կոտրվել են, որը հնարավոր է եղել, վերանորոգել ենք, տարբեր բաներ, որոնք կոտրվել են, քննչական մարմինների կողմից առգրավվել ու արձանագրվել են։ Ճիշտն ասած՝ այս հարցի պատասխանատուն ես չեմ, այդ հարցով պետք է դիմեք վարչապետի աշխատակազմ»։ Այսինքն՝ այնպես չէ, որ ճեմասրահի պատճառով չի գործում Մելիք Ադամյանի դահլիճը։ Մարկոսյանը պատասխանեց՝ բայց ո՞վ է ասում, որ չի գործում, վերջին միջոցառումը եղել է ապրիլի 10-ին։ Մայիսի 1-ին այստեղ պետք է կայանար ՀԱԿ համագումարը՝ հետաձգվել է մայիսի 10-ին։ Մարկոսյանն ասաց՝ հետաձգումը կապ չունի ճեմասրահի ծանրաբեռնվածության հետ, «այլ իրենց ղեկավարների առողջական խնդիրների հետ է կապված»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առեւտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած։ Պատճառը նոր սերնդի ՀԴՄ սարքերն են։ Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում առեւտրականներից. նման խնդրի առաջ են կանգնել Մալաթիայում գտնվող «Անուշ» ոսկու շուկայի աշխատողները։ Նրանց խոսքերով՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերի լիցքավորումը երկար չի պահում, դրանք օրվա ընթացքում մի քանի անգամ անջատվում են։ «Երկու անգամ խփում եմ, անջատվում է, չեմ հասցնում, անընդհատ միացված է վարդակին, իբր թե անլար պիտի աշխատեինք։ Չգիտեմ, թե ում դիմեմ. եթե հարկայինից մարդ գա այդ պահին, չի հավատա, որ սարքն անջատվել է, կտուգանի, կգնա, իրեն չի հետաքրքրի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին առեւտրականները։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը հասցրել է ձեռքերը լվալ. շուկան ազատականացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում ՀԴՄ սարքերի տեխնիկական խնդիրների, դրանց ծրագրային ապահովման, սարքերի իրացման եւ սպասարկման համար, մինչեռ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնում էր ՊԵԿ-ի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, եւ ՀԴՄ սարքերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովում էր ՊԵԿ-ը»։