Միայն ԼՂ կարգավիճակի որոշումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության համար
Արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման ամենակարեւոր եւ արդյունավետ միջոցը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը:
"Անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների եւ քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար եւ բացահայտ աջակցությամբ եւ Մերձավոր Արեւելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:
Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում էին խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա, պղծում եւ ոչնչացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները եւ այլ կրոնական ու պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների եւ գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել եւ ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:
Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Կան անվիճելի եւ հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:
Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է:
Միայն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացումը եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար",- ասել է ելույթում Միրզոյանը: