Պատերազմի հետևանքները ինձ համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին. ԱՀ նախագահ
28.04.2021
Պատերազմի հետևանքները ինձ համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել` այդ օրերին պատերազմը կանգնացնելը համարում էին դավաճանություն:
Այդ մասին ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին` նա նշում է, որ իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծում է ԱՀ նախագահը:
Որպես պարտության պատճառ նա նշում է այն հանգամանքը, որ հայկական ուժերի դեմ պայքարում էին միասնական ադրբեջանա-թուրքական ուժերը, 7 հազար վարձկաններ: Ըստ ԱՀ նախագահի, պատերազմի ելքը այլ կլիներ, եթե հայկական ուժերի դեմ պայքարեր միայն Ադրբեջանը: Խոսելով մինչպատերազմյան սխալների մասին, որոնք ազդեցություն ունեցան նաև պատերազմի ելքի վրա` ԱՀ նախագահը որպես ամենա մեծ սխալ մատնանշում է այն փաստը, որ երբ 1992 թվականի հունիսի 13-ից հայաթափվել են Շահումյանը, Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, «այդ բնակչությանը տեր չեն կանգնել, և ավելի քան 50 հազար հայ թողել է Արցախը: Շահումյանցիների տասը տոկոսն էլ չի մնացել Արցախում, տեր չեն կանգնել, և այդ մարդիիկ գնացել են»:
«Արցախում այսօր 145 հազարի փոխարեն պետք է ապրեր ավելի քան 200 հազար հայ, և այդ ժամանակ պատերազմի ելքն էլ կարող է այլ լիներ»,- նշում է ԱՀ նախագահը` հավելելով, որ հիմա պետք է անցյալի սխալներից դասեր քաղել և բոլոր տեղահանված բնակիչներին պետք է հայրենադարձել, նրանց ապահովել բնակարանով: