Կարո՞ղ է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումն իրավական հետևանքներ ունենալ եւ փոխել ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կամ Հայաստանի նկատմամբ: Կորցրե՞լ է արդյոք հետաքրքրություն ԱՄՆ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի այս եւ այլ հարցերին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանը «պատմական» իրադարձություն է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Նախագահի ճանաչումը, նրա հայտարարությունը շաբաթ օրը, իհարկե, արտացոլում է նախագահի խորը հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ։ Նա հնարավորություն է ունեցել հայտարարություն անել, պատմական ճանաչում, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Նախագահը վաղուց էր հետաքրքրվում այդ թեմայով։ Ես կարծում եմ, որ դա արտացոլում է իր խորը հարգանքը համընդհանուր մարդու իրավունքների կարեւորությանը: Եվ, իհարկե, երկու տարի այստեղ մնալուց, հայերից երախտագիտության խոսքեր լսելուց հետո, ես գիտեմ, որ նրանց համար շատ կարևոր էր վերջապես տեսնել այդ օրը», - ասել է Լին Թրեյսին։
Այն հարցին, թե արդյոք այդ ճանաչումը կարող է իրավական հետեւանքներ ունենալ եւ փոխել ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կամ Հայաստանի նկատմամբ, դեսպան Թրեյսին պատասխանել է, որ քանի որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին, իսկ Ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին, ապա իրավական տեսանկյունից կոնվենցիան չի կարող հակառակ ուժ ունենալ:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ և Թուրքիայի հարաբերություններին, ապա այդ երկիրը ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սակայն Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն», - ասել է դեսպանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձեր են արվել այն կանգնեցնել, այդ թվում՝ ամերիկյան կողմից, սակայն դա հաջողվել է անել միայն Ռուսաստանին, եւ այն հարցը, թե ինչն է դրա պատճառը, ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության կորուստն է, թե Ռուսաստանի ուժեղացումը, ԱՄՆ դեսպանը պատասխանել է.
«Ես հիշում եմ, որ հրադադարի հասնելու մի քանի փորձ կար, որոնք արդյունք չտվեցին։ Ընդ որում, առաջին փորձը ձեռնարկվել է Ռուսաստանի կողմից։ Եվ հետո արդեն եղել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փորձերը։ Կասկած չկա, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղացել պատերազմի դադարեցման գործում, սակայն թեեւ պատերազմը դադարեցվել է կոնկրետ գործողություններով, մենք տեսնում ենք, որ շատ կարեւոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, հարկադիր վերաբնակների խնդիրները։ Այնպես որ, կան մի քանի հարցեր, որոնք դեռևս մնում են ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների օրակարգում։ Եվ մենք մտադիր ենք զբաղվել այդ հարցերով»։