Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Երեւանում ապրիլի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է ավելի խորությամբ ներգրավվել Հայաստանին աջակցելու հարցում:
«Լիտվան Հայաստանի հետ համագործակցում է 30 տարի և այսօր, ինչպես և Հայաստանի համար բարդ այլ ժամանակաշրջաններում, նույնպես պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - ասել է նա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Լիտվան պատրաստ է օգնել Հայաստանին, «մենք նաեւ ԵՄ-ից աջակցություն ենք ակնկալում»:
«Կարծում եմ, որ մենք կկարողանանք մեխանիզմներ գտնել՝ խթանելու աջակցությունը և ընդլայնելու համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար և տնտեսական առումով։ Դրա համար հստակ մեսիջ է պետք Երևանի կողմից, և այդ ժամանակ ավելի շատ երկրներ պատրաստակամություն կհայտնեն աջակցություն ցուցաբերել», - ասել է Լանդսբերգիսը։
Այս առումով լիտվացի նախարարը ակնկալում է ոչ միայն քննարկումներ, այլև գործնական առաջարկություններ։
«Կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է օգնել, այդ թվում՝ պատվաստանյութերի ներմուծման եւ պահպանման պայմանների ապահովման միջոցով՝ բժշկական կադրերի վերապատրաստման հարցում», - ասել է Լանդսբերգիսը:
Նա նաեւ հիշեցրել է, որ Լիտվան ակտիվորեն աջակցել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրին եւ Հայաստանի հետ ԵՄ ընդլայնված եւ համապարփակ համագործակցությանը:
«Մենք ակտիվորեն աջակցել ենք «ընդլայնված գործընկերության» նախաձեռնությանը եւ դա հարթակ է ստեղծում հետագա փոխգործակցության համար։ Ես գիտեմ, որ իրավիճակը Հայաստանում ավելի բարդ է, քան «Արևելյան գործընկերության» մյուս երկրներում՝ զուտ աշխարհաքաղաքական տեսանկյունից, բայց դա չի նշանակում, որ մենք չենք ընդառաջի Հայաստանին։ Մենք այստեղ ոչ միայն ազգային մակարդակով ենք, այլեւ որպես եվրոպական երկիր», - ասել է Լանդսբերգիսը։