24.11.2024
 Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն դադարեցնում է դեպի Թուրքիա թռիչքները կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճի պատճառով

Նոր կորոնավիրուսային վարակի ներմուծման եւ տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը Ռուսաստանի տարածքում որոշել է մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը, դադարեցնել ռուսական մարդատար ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի բոլոր օդանավակայաններ:


Այս մասին ՌԲԿ-ին պատմել են ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրը և խոշոր տուրօպերատորի թոփ մենեջերը: Տեղեկությունը հաստատել է դաշնային պաշտոնյան։


Խոսքն առաջին հերթին չարտերային փոխադրումների մասին է, թե արդյոք դա կվերաբերի կանոնավոր փոխադրումներին, ՌԲԿ-ի զրուցակիցները չեն ասում։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռուս զբոսաշրջիկների տարհանում չի լինի, կլինի նրանց պլանային վերադարձը։


Որոշումը կայացվել է Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդացածների (այդ թվում՝ նոր շտամների) թվի աճի պատճառով։ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ ապրիլի 8-ին այնտեղ հայտնաբերել են գրեթե 56 հազար նոր հիվանդներ՝ մեկ շաբաթվա ընթացքում աճը կազմել է 37 տոկոս: Ռուսաստանում նույն ժամանակահատվածում օրական հիվանդացողների թիվը կրճատվել է 5 տոկոսով՝ մինչեւ 8,7 հազար մարդ, ըստ «Ռոսպոտրեբնադզորի» տվյալների:


Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի բարդացման մասին բազմիցս ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:


«Թուրքիայում հիվանդացությունն աճել է 3-4 անգամ փոքր ժամանակահատվածում։Իրավիճակը շատ արագ է բարդանում», - ասել է նա ապրիլի 8-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում։ Պոպովան հավելել է, որ հենց Թուրքիայից Ռուսաստան է ներկրվել կորոնավիրուսի ավելի շատ նոր շտամներ։