Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին, հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին.
- Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը ատելության խոսք է և սերունդներ շարունակ որպես հայհոյանք օգտագործվել է ձեր համաքաղաքացիների դեմ:
- Չգիտե՞ք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության:
- Տեղյա՞կ եք, որ որպես նախագահ ատելության խոսք օգտագործելը կխախտի սոցիալական խաղաղությունը
- Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք:
Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:
«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան» բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը: