ԸՕ բարեփոխումների որոշ դրույթներ կարող են տարածվել արտահերթ ընտրությունների վրա. Մակունց
Ընտրական օրենսդրության համալիր բարեփոխումների որոշ դրույթներ հնարավոր է նաև տարածվեն առաջիկա արտահերթ ընտրությունների վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, հայտարարել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ մշակված համալիր բարեփոխումները բաժանվել են երկու մասի։ Առաջին մասը, որը վերաբերում էր ռեյտինգային համակարգի չեղարկմանը, ընդունվել եւ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Երկրորդ մասը ՝ բարեփոխումների մեծ փաթեթը, կքննարկվի խորհրդարանի կողմից արդեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո, հայտարարել է Մակունցը: «Այդ բարեփոխումների որ մասը կտարածվի առաջիկա ընտրությունների վրա, իսկ որը կհետաձգվի, մենք կորոշենք խորհրդարանում քննարկումների ժամանակ», – նշեց պատգամավորը:
Մակունցը նշել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, թե որքանով է հնարավոր նման կարճ ժամանակահատվածում ԿԸՀ-ի այդ փոփոխությունների իրականացումը։ «Մենք չենք ցանկանում ինչ-որ կերպ բարդացնել գործընթացը։ Բայց եթե լինեն դրույթներ, որոնք կհեշտացնեն գործընթացը, դրանք կընդունվեն։ Հակառակ դեպքում դրանք թողնելու են ապագայի համար», - հայտնել է նա։ Միաժամանակ, իշխող դաշինքի խմբակցության ղեկավարը նշել է, որ առաջիկա ընտրությունների վրա կտարածվեն այն դրույթները, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք կբերվի:
Հիշեցնենք, որ ռեյտինգային համակարգը վերացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ իշխող դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընտրական բարեփոխումների մնացած մասը չի տարածվի առաջիկա արտահերթ ընտրությունների վրա:
Նշենք նաև, որ ի սկզբանե իշխանությունները հայտարարել են այն մասին, որ ընտրական բարեփոխումները կընդունվեն միայն այն դեպքում, երբ առկա է կոնսենսուս, ինչը տեղի չի ունեցել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոյկոտել է քննարկումները, իսկ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել է քվեարկությունը և հայտարարել, որ կտրականապես դեմ է ռեյտինգային համակարգի չեղարկման առաջարկվող ձևին։